«Մենք մրցունակ պետություն չենք քաղաքական, տնտեսական, մշակութային համաշխարհային շուկայում»

Հարցազրույց Հեռուստառադիոպետկոմի նախկին պետ, վերլուծաբան Տիգրան Հակոբյանի հետ

– Այսօր որքանո՞վ են ակտուալ կամ կենսունակ նախընտրական կարգախոսները: Կարծիք կա, որ դրանք այլևս սպառել են իրենց:

– Նախընտրական կարգախոսներն այսօր կենսունակ չեն նույնիսկ այն երկրներում, որոնք ազատ, ժողովրդավարական ընտրությունների ավանդույթներ ունեն: Այդ սլոգանները մարդկանց ուշադրությունը գրավելու, ինչ-որ գաղափարի շուրջ համախմբելու, ձայներ ստանալու համար անցկացվող ոչ շատ կարևոր, բայց անհրաժեշտ բաղադրիչներից մեկն է: Պատկերավոր ասած, ինչպես կինոֆիլմը կամ գիրքը դժվար է պատկերացնել առանց վերնագրի, այդպես էլ նախընտրական արշավն` առանց կարգախոսի: Բայց կինոփառատոներում հաղթում են ոչ թե ֆիլմերի անվանումները, այլ հենց ֆիլմերը` սյուժեով, ռեժիսորական աշխատանքով, դերասանների խաղով: Նույնը` այստեղ. քաղաքացիները ոչ թե կարգախոս են ընտրում, այլ ղեկավար:

– Այնուամենայնիվ, ի՞նչ կարծիքի եք թեկնածուների կարգախոս-ուղերձների մասին. 1. Սերժ Սարգսյան` «Դեպի ապահով Հայաստան» 2. Րաֆֆի Հովհաննիսյան` «Հնարավոր է», 3. Պարույր Հայրիկյան` «Հավատը` գործերով» 4. Արամ Հարությունյան` «Ես Ձեզնից մեկն եմ»,  5. Հրանտ Բագրատյան` «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն», 6. Վարդան Սեդրակյան` «Վերևում Աստված կա»: Մյուս երկու թեկնածուները` Արման Մելիքյանը և Անդրիաս Ղուկասյանը, դեռևս չեն հրապարակել իրենց կարգախոսները:

– Անդրիաս Ղուկասյանի կարգախոսը, թերևս, արտահայտվում է իր գործողություններով. Երևանի կենտրոնում հացադուլ է անում, շատ կտրուկ և անիրագործելի պահանջներով է դիմում իշխանություններին և հանրությանը` մեդիայի համար պարբերաբար ձևավորելով իր մասնակցությամբ քաղաքական օրակարգը: Արման Մելիքյանն այս անգամ, կարծես, ակտիվ պայքար չի ցանկանում մղել:

Գործող նախագահի կարգախոսի մասին կարծիքս հայտնել եմ: Նշեմ միայն, որ, անկախ այն հանգամանքից, թե այդ կարգախոսը մշակողներն ի՞նչ էին ուզում ասել դրանով, սովետական կարծրատիպերի և ստանդարտների շրջանակներում «ապահովը» լավ ապրողն է, բնակարան, մեքենա, սառցարան, տարին մեկ Սոչիում հանգստանալու հնարավորություն ունեցող ընտանիքն է: Այսինքն, «ապահովը», իմ կարծիքով, հանրային լայն շրջանակների համար կենցաղային նշանակություն ունի, համազգային, պետական համախմբման ուղերձ չի պարունակում:

– Ի դեպ, պարոն Հակոբյան, նախորդ նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի կարգախոսն «Առաջ Հայաստան» էր, իսկ հիմա նա խոսում է «ապահով» Հայաստանի մասին: Այսինքն` իր նախագահության 5 տարիներին նախագահը չկարողացա՞վ երկիրն, ինչպես իր կարգախոսն էր ասում` «առաջ տանել»:

– Ասացի, որ կարգախոսների վրա պետք չի մեծ ուշադրություն դարձնել, դրանք հենց այս պահի համար ստեղծված, անցյալ չունեցող ինչ-որ բառակույտեր են: Ընտրողի հիշողությունը կարճ է, նա նախորդ և ներկա կարգախոսների միջև պատճառա-հետևանքային կապ չի տեսնում: Նույնը վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի կարգախոսին: Խորհրդարանական անցած ընտրություններին «Ժառանգությունը» հանդես էր գալիս «Միասին սարեր կշարժենք» կարգախոսով: Այն լիովին տեղավորվում էր հայկական էմոցիոնալ և լեզվամշակութային շրջանակներում, համախմբում էր, համատեղ պայքարի կոչ էր պարունակում: Այս մեկը՝ «Հնարավոր է», արդեն կառուցված է ամերիկյան ընտրական տեխնոլոգիաների ստանդարտներով, զուրկ է կրքից, էմոցիայից և արմատապես տարբերվում է նախորդից` ավելի շատ նմանվելով «Եվս մեկ անգամ փորձիր» առևտրային գովազդին:

Հրանտ Բագրատյանի կարգախոսն ավելի գրագետ է կառուցված: Տեսեք, սկզբից այն հնչում էր` որպես «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն», այն երկար էր կարգախոսի համար և չէր համապատասխանում նախկին վարչապետի հանրային իմիջին` որպես ազատական հայացքներ ունեցող գործչի: Հիմա մնացել է միայն «Ընդամենը 100 քայլ»-ը, որոնց նշանակությունը Բագրատյանը փորձում է հիմնավորել հանդիպումների ժամանակ:

Պարույր Հայրիկյանի կարգախոսի իմաստն, անկեղծ ասած, չեմ հասկացել: Արամ Հարությունյանի կարգախոսը սազական կլիներ առասպելական մի առաջնորդի, դիկտատորի, թագավորական տոհմի ներկայացուցչի, ով կարիք ունի «մարդկայնացնել» իր անձի «աստվածային» ընկալումը հասարակ մարդկանց կողմից: Բայց եթե այդ կարգախոսով հանդես է գալիս ընտրություններում մշտական անհաջողակը, ապա կարելի է ենթադրել, որ նա սեփական անձի գերարժեքության մոլուցքով է տառապում:

– Իսկ ի՞նչ կասեք` Վարդան Սեդրակյանի կարգախոսի մասին, որը վերցված է Գ. Մարկեսի «100 տարվա մենություն» վեպից:

– Ուրախ կլինեի, եթե համոզիչ ապացույցներ ունենայի, որ Վարդան Սեդրակյանը կարդացել է «100 տարվա մենությունը»: Աստծո գոյությունը «վերևում», կարծեմ, ամրագրված է հազարավոր գրական գործերում, և միլիոնավոր հավատացյալների համար անհերքելի ճշմարտություն է: Բայց ավելի անհերքելի են հետևյալ պնդումները. «երկրագունդը կլոր է», «Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է», և այլն:

– Պարոն Հակոբյան, բավական հետաքրքիր աշխուժություն է ստեղծել Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը: Օրինակ, նա մտել է պատահական վարսավիրանոց, մազերը կտրել, քայլում է փողոցներում, բարևում մարդկանց, և այլն: Որպես PR փորձագետ` ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի PR-ակցիաները:

– Դա էլ է ամերիկյան քաղաքական տեխնոլոգների սկզբունքներից՝ քանի ձեռք թեկնածուն կսեղմի նախընտրական արշավի ժամանակ, այդքան էլ ձայն կստանա: Ր.Հովհաննիսյանը միշտ էլ փայլուն տիրապետել է միջանձնային կոմունիկացիայի գործիքակազմին, գիտակցում է դրա կարևորությունը և միշտ օգտագործել է այն: Բայց տեսախցիկների արջև մազ կտրելը պատահական վարսավիրանոցում, ըստ իս, ավելորդություն էր, շատ շինծու էր, և այդ պատճառով հեգնանքի ենթարկվեց շատ- շատերի կողմից:

– Ինչպիսի՞ն պետք է լինի նախընտրական քարոզարշավի գրագետ PR-ը: Ո՞րն է ավելի ընդունելի մեր հասարակության համար:

– Արդյունավետ են այն գործողությունները, որոնք հասկանալի և ընդունելի են քո ընտրազանգվածի կողմից: Պարզ ասած՝ պետք է անես այն, ինչ քեզանից սպասում են, ակնկալում են` որպես երկրի ղեկավար: Եթե անկեղծ լինենք, ապա պետք է խոստովանենք, որ PR-ը ենթադրում է նաև մանիպուլյատիվ գործողություններ, որոնց շնորհիվ թեկնածուն ձեռք է բերում ընտրողի վստահությունը: Իսկ քեզ վստահողից ավելի հեշտ է քվե ստանալը: Իսկ գեղեցիկ կարգախոսը, դրոշները, շարֆերը, համերգները՝ զուտ արտաքին բաղադրիչներ են, որոնցով քողարկվում է ավելի խորքային աշխատանքը:

– Իսկ ինչո՞ւ այս ընտրությունները մրցակցային չեն:

– Այո, մրցակցային չեն, բայց դա օբյեկտիվ իրականություն է: Ինչ-որ մեկին արգելե՞լ են մասնակցել ընտրություններին, 8 մլն դոլա՞ր են սահմանել ընտրագրավը: 2008թ. ընտրությունները մրցակցային ենք համարում, որովհետև կար ընդիմադիր փորձառու և խարիզմատիկ թեկնածու, որն ապահովեց մրցակցությունը էլեկտորալ դաշտում: Հիմա նա չի մասնակցում ընտրություններին: Իսկ ավելի լավ կլիներ, խարիզմատիկ առաջնորդի բացակայության դեպքում իշխանություններն արհեստական մրցակցությո՞ւն ապահովեին:

Ինչ է, Գագիկ Ծառուկյա՞նը պետք է ապահովեր մրցակցությունը: Մարդիկ հոգնել են հավատալ և հետո հիասթափվել: Պիտի անուղղելի լավատես լինես, որպեսզի մասնակցես ուրիշի կանոններով թելադրված խաղին, մի քանի անգամ պարտվես, կամ քեզ պարտված զգաս և նորից փորձես քո բախտը: Հայաստանի ժողովուրդն այս անգամ, կարծես, թայմ-աուտ է վերցրել, մրցակցային ընտրության պահանջ չի ներկայացնում, և բոլորս պետք է հաշվի նստենք այդպիսի տրամադրությունների հետ:

– Իսկ հասարակության թմբիրի մեջ մտնելն ինչի՞ հետևանք է: Արդյո՞ք պատճառն արդարության պակասն է:

– Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր պատկերացումն ունի արդարության մասին: Մի հատված արդար չի համարում այն, որ, ասենք, դատախազը կաշառքով բարեկեցիկ կյանք է վարում, իսկ ինքը՝ ոչ, որ բանկի ղեկավարը բարձր աշխատավարձ է ստանում, իսկ ինքը` ոչ: Այդպիսի արդարություն փնտրողը փորձում է վերականգնել արդարությունն իր պատկերացումներով՝ ամեն գնով զբաղեցնել դատախազի պաշտոնը և դրանով վերականգնել արդարությունը: Արտագաղթողների 90%-ը Ռուսաստան է գնում, երկրորդ «սորտի» մարդ է դառնում ոչ թե արդարության, այլ աշխատելու և փող վաստակելու համար: Կիսաքաղց ազգի համար (հիշեցնեմ, որ մեր երկրի բնակչության համարյա 40 տոկոսն ապրում է աղքատության շեմից ցածր) առաջնային պահանջը մի կտոր հացն է: Եվ հայ ժողովրդի լյումպենացումն իշխանությունների ամենամեծ մեղքն է, հանցանքը:

– Բայց այսօր կա նաև քաղաքացիական հասարակության որոշակի շրջանակ:

– Քաղաքացիական հասարակությունը ոչ թե քաղաքական խնդիրներ լուծելու, այլ քաղաքական գործընթացների վերահսկողությունն իրականացնելու համար է ձևավորվում: Մաշտոցի պուրակի «հաղթանակը» քաղաքացիական հասարակության կայացման չափորոշիչ չի կարող լինել: Կան ակտիվ գործիչներ, կազմակերպություններ, նախաձեռնություններ, բայց նրանք դեռ չունեն քաղաքականության վրա ազդելու ռեսուրս:

– Հռետորական մի հարց` ընտրություններից հետո ի՞նչ սպասելիքներ կան, ո՞ւր ենք գնում:

– Ցավոք, մենք այսօր մրցունակ պետություն չենք քաղաքական, տնտեսական, մշակութային համաշխարհային շուկայում:

Փորձեք ուղղակի դեն նետել «մենք մշակութային ազգ ենք», «մենք խելոք ենք», «մենք հին ենք և բազմաչարչար» ու նման դատարկ արտահայտությունները և տեսեք` էլ ինչով ենք ներկայանում աշխարհին: Ապագա Հայաստանը պետք է լինի մրցունակ: Իսկ մրցունակ չես կարող դառնալ առանց կոռուպցիայի, մենաշնորհների վերացման, իրավական, կրթական ոլորտներում կտրուկ բարեփոխումների իրականացման, արտագաղթի կասեցման, քաղաքացիական իրավունքների վերականգնման: Եթե Հայաստանի ընտրված նախագահը կամք, ուժ և ցանկություն չունենա իրականացնելու «Դեպի մրցունակ Հայաստան» ծրագիրը, ապա մեր «բազմաչարչարությունը» նոր թափ և հավելյալ բովանդակություն կստանա, մենք՝ այսօրվա սերունդը, պատմական մեղքի կրողը կհամարվենք հաջորդ սերունդների կողմից:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս