Դավիթ Հարությունյան. «Վեհաժողովը գնալով ավելի ներողամտորեն է վերաբերվում Ադրբեջանին»

«Ցավոք սրտի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը դառնում է ավելի ու ավելի տարօրինակ կազմակերպություն»,- հունվարի 29-ի ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` ամփոփելով Վեհաժողովի հունվարի 21-ից 25-ը Ստրասբուրգում կայացած ձմեռային նստաշրջանի արդյունքները:

Ըստ բանախոսի` Վեհաժողովը «գնալով ավելի ներողամտորեն է վերաբերվում Ադրբեջանին»: «Որոշակի զոռբայություններ, կարծես, սկսվել են Ադրբեջանին ներվել»,-ընդգծեց Դ.Հարությունյանը` որպես օրինակ նշելով Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ-ի զեկուցողին տևական ժամանակ այդ երկիր մուտքն արգելելն անտեսելը:

Հաջորդ օրինակը Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ բավականին տարակուսելի զեկույցն էր, որում Ռամիլ Սաֆարովի դեպքի հետ կապված ԵԽԽՎ-ում ամիսներ առաջ տեղի ունեցած բավականին բուռն քննարկման կապակցությամբ Ադրբեջանի հարցով համազեկուցողներն ընդամենը մեկ նախադասությամբ արձանագրել էին լսումներ անցկացնելու փաստը` առանց մանրամասնելու, թե խոսքը ինչ դեպքի և ինչ լսումների մասին է:

Դ.Հարությունյանի համոզմամբ` ԵԽԽՎ-ի կողմից նման դեպքերին չարձագանքելն անխուսափելորեն կհանգեցնի կազմակերպության վարկանիշի հետագա անկմանը:

Հայկական պատվիրակության ղեկավարի համոզմամբ` Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի մերժումն ակնհայտ դարձրեց, որ ԵԽԽՎ-ում ամեն ինչ հարթ չէ: ԵԽԽՎ-ի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից նախապատրաստված էր «շատ լուրջ, փաստարկված և շատ կոշտ» զեկույց, սակայն, ինչպես նշեց Դ.Հարությունյանը, «այդ զեկույցի դեմը հաջողվեց առնել, բերելով դահլիճ մի շարք պատգամավորների, որոնք քվեարկեցին այդ զեկույցին դեմ»: «Քննարկմանը շատ ակտիվ մասնակցեցին բազմաթիվ պատգամավորներ, որոնք երկար տարիներ լինելով Վեհաժողովի անդամ, երբևէ չէին ներկայացել որևէ մի նիստի»,-ասաց նա` հավելելով, որ այդ պատգամավորները ոչ միայն մասնակցեցին, այլև փորձեցին հարցը կապել Լեռնային Ղարաբաղի հետ:

«Պատահական չէ, որ վճարովի լոբբիստական աշխատանքը ԵԽԽՎ-ում վերջին տարիներին շատ լուրջ ծաղկել է, և Վեհաժողովը ստիպված որոշակի քայլեր սկսեց ձեռնարկել այդ ուղղությամբ: Մասնավորապես, Բյուրոյի վերջին նիստում մենք հաստատեցինք որոշակի կանոններ Վեհաժողովի անդամների համար: Օրինակ, եթե իրենք ստանում են որոշակի գումարային չափը գերազանցող նվեր որևէ մի պետությունից, ապա պարտավոր են դա հայտարարագրել»,-նշեց Դ.Հարությունյանը: Ըստ նրա, իհարկե, վերահսկողական մեխանիզմները շատ թույլ են, այնուամենայնիվ այն, որ «նման կանոններ սկսեցինք ներմուծել, դա խոսում է այն մասին, որ մենք բոլորս տեսնում ենք, որ նման խնդիրներ կան, և դրանք ավելի ու ավելի մեծ ծավալի են հասնում»:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս