Carrefour-ը դեռ չի փոշմանել. առաջին սուպերմարկետը Երևանում կբացվի 12 ամսվա ընթացքում
Carrefour առևտրային ցանցը մտադիր է հայկական շուկա դուրս գալ առաջիկա 12 ամիսների ընթացքում:
Այսպես է արձագանքել Carrefour Group-ի մամուլի ծառայությունը Մեդիամաքս-ի հարցմանը, որտեղ խնդրվում էր մեկնաբանել լուրերն այն մասին, որ Carrefour-ը հրաժարվել է աշխատել Հայաստանում:
«Carrefour ապրանքանշանի զարգացման իր հայեցակարգի համաձայն` Majid Al Futtaim խումբը շարունակում է վերլուծել հայկական շուկան և մտադիր է իր առաջին խանութը բացել առաջիկա 12 ամիսների ընթացքում», – Մեդիամաքս-ին հաղորդել են Carrefour Group–ի մամուլի ծառայությունից:
Majid Al Futtaim խումբը զարգացնում է Carrefour ապրանքանշանը Մերձավոր Արևելքի երկրներում:
Մեդիամաքսը հշեցնում է, որ վերջին շրջանում հայկական մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Carrefour-ը հրաժարվել է աշխատել Հայաստանում` հայկական ցանցերի հետ մրցակցության անհավասար պայմանների պատճառով:
Իսկ Երևանի Dalma Garden Mall առեւտրի կենտրոնում շարունակում են փակցված մնալ Carrefour խանութի բացումն ազդարարող պաստառները: