
ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ցանկանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորում. Ադրբեջանում Իրանի դեսպան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հանդես գալ միջնորդի դերում.
«Իրանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ինչը նրա համար հանդիսանում է յուրօրինակ առավելություն: Դրա շնորհիվ Իրանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջնորդ դառնալ տարածաշրջանում հակամարտությունների կանխման ու խաղաղության ապահովման գործընթացում: Իրանը պատրաստ է միջնորդական առաքելությամբ հանդես գալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
ԵԱՀԿ Մինսկի խմնբի համանախագահող երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) երկար տարիներ ջանքեր են գործադրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Սակայն մենք կարծում ենք, որ նրանք ձախողվել են այդ հարցում: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները չեն ցանկանում հակամարտության կարգավորում և շահագրգռված են դրա ձգձգման մեջ:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առաջնահերթ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար: Իրանը տարածաշրջանի անվտանգության համար օգտակար չի համարում հակամարտության ձգձգումը և այդ տեսանկյունից ցանկանում է միջնորդությամբ հանդես գալ տվյալ հարցում: Կողմերի ցանկության դեպքում Իրանը պատրաստ է միջնորդի դերում հանդես գալ և ներկայացնել հակամարտության կարգավորման պլան»: