Ադրբեջանի կողմից ընդունված օրենքն անհաջող կատակ է. Նիկոլայ Բորդյուժա (տեսանյութ)
Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության պատվիրակության` Երևան կատարած այցի շրջանակներում ՀԱՊԿ քարտուղարության ու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) աշխատակազմի միջև ստորագրվեց երկու փաստաթուղթ, առաջինը` Հուշագիր Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիա հիմնելու մասին, երկրորդը` Որոշում` ՀԱՊԿ Ակադեմիայի հիմնադրամ հիմնելու մասին: Սույն արարողակարգից հետո տեղի ունեցավ նաև հանդիպում լրագրողների հետ, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀՀ ԱԱԽ գլխավոր քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Մասնավորապես լրագրողներից մեկը հարցրեց Նիկոլայ Բորդյուժային, թե վերջինս ի՞նչ կարծիք ունի հարևան Ադրբեջանի կողմից քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու վերաբերյալ վերջերս ընդունված օրենքի մասին: Ի պատասխան Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ ծանոթ է այդ տեղեկատվությանը:
«Կարող եմ ասել, որ դա կա´մ մտքի անհաջող մեկնաբանություն է, կա´մ էլ անհաջող կատակ, որովհետև ես Ադրբեջանը դիտարկում եմ քաղաքակիրթ երկիր, որը հետևում է համամարդկային արժեքներին: Ես շատ եմ կասկածում, որ որևէ երկրի ղեկավարություն կարող է քաղաքացիական ինքնաթիռների միտումնավոր ոչնչացման հրաման տալ: Պատմությունը գիտի նման դեպքեր, և մենք հիշում ենք ողբերգությունը Հեռավոր Արևելքում, բայց մենք նաև հիշում ենք ամբողջ միջազգային հանրության արձագանքը»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան: