Միասին հնարավոր է
Երեկ տեղի է ունեցել քարոզարշավի ողջ ընթացքի համար աննախադեպ մի իրադարձություն, որը կարող է որոշակիորեն նոր իրավիճակ ստեղծել «կանխորոշված» համարվող ընտրություններում: Նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ընտրությունների օրինականության ապահովման նպատակով մի քանի պահանջներ ներկայացնելով իշխանություններին:
Տվյալ դեպքում այդ հայտարարության բովանդակությունը երկրորդական է: Էականն ինքնին փաստն է, որ գոնե հանրային ընկալմամբ` ոչ իշխանական թեկնածուները համատեղ նախաձեռնություն են իրականացրել` դեռևս հայտարարության ձևաչափով: Այսինքն` սա մինչև նախագահի ընտրությունը միասնաբար հանդես գալու թեկուզ տեսական հնարավորություն է, կամ գուցե այդ հնարավորությունը ստեղծելու դեռևս առաջին քայլը:
Ողջ հարցն այն է` արդյո՞ք նշված երեք թեկնածուները կկարողանան օբյեկտիվ գնահատել սեփական հնարավորություններն ու պատրաստ կլինեն հանել թեկնածությունը` քվերաթերթիկում երեքից մեկի անունը թողնելու նպատակով: Դա ևս չափազանց բարդ է: Գրեթե նույնքան բարդ, որքան անգամ միասնաբար հանդես գալու դեպքում իշխանությանը գոնե երկրորդ փուլ պարտադրելը: Բագրատյանը, Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանն ավելի շատ տարբերություններ ունեն, քան ընդհանրություններ: Ե՛վ գաղափարական, և՛ մարդկային, և՛ արժեքային հարթություններում: Միասնաբար հանդես գալու համար նրանցից յուրաքանչյուրը պետք է որոշակի արգելքներ հաղթահարի` թե՛ քաղաքական ու գաղափարական, թե՛ մարդկային ու արժեքային հարթություններում: Բայց դժվար լինելով հանդերձ` դա, ըստ էության, միակ հնարավորությունն է` ոչ միայն ընտրություններում ինչ-որ բան փոխելու, այլ ընտրություններից հետո քաղաքական դաշտի վերջնական ամայացումը կանխելու իմաստով:
Այս` հնարավորության եզակի լինելու հանգամանքն է, որ նշված թեկնածուներին կարող է ստիպել վեր կանգնել սեփական հավանականություններից, ու օբյեկտիվ գնահատելով երեքից մեկի հնարավորությունները` միասնաբար հանդես գալ մեկ` հակաիշխանական թեկնածուով: Դա, ի դեպ, կարող է անսպասելիորեն հասարակությանը դուրս բերել ներկայիս ապատիկ վիճակից և իշխանության համար «հանգիստ» երևակվող ընտրություններում հաղթելը դարձնել լրջագույն խնդիր:
2008 թվականից հետո Հայաստանի ընտրազանգվածի ընդդիմադիր տրամադրվածությունը եթե չի ավելացել, ապա առնվազն չի նվազել: Առանձին-առանձին նշված երեք թեկնածուները գործնականում չեն կարող այդ ընտրազանգվածը կոնսոլիդացնել, սակայն միասնաբար հանդես գալու դեպքում` այդ հեռանկարը կարող է միանգամայն իրատեսական դառնալ: 1996 թվականը դրա լավագույն վկայությունն է: