Ինչպիսի՞ն է Հայաստանի սեյսմիկ վիճակը. մասնագետ
168.am-ի հետ զրույցում ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայության տնօրեն, Երկրաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը՝ գնահատելով Հայաստանի ներկայիս սեյսմիկ իրավիճակը` ասաց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում սեյսմիկ վիճակը ո՛չ ակտիվ է, ո՛չ պասիվ:
Հարցին, թե առաջիկայում ուժեղ երկրաշարժ կանխատեսելի՞ է, նա պատասխանեց. «Մեզ համար ամենավտանգավորը Երևանին վնաս տվող օջախներն են, որովհետև, դժբախտաբար, բնակչության 40%-ը կուտակվել է Երևանում, որտեղ բազմաբնակարան շենքերի վիճակը վատ է: Դա է պատճառը, որ ասում եմ` ավելի վտանգավոր են Երևանին մոտ գտնվող օջախները. եթե ուժեղ լինի, ծանր հետևանքներ կունենա»:
Ս. Նազարեթյանի խոսքով` այսօր ուժեղ երկրաշարժի անհանգստացնող նշաններ դեռևս չկան: Նա նաև անդրադարձավ բազմաբնակարանային շենքերի սեյսմակայուն վիճակին: Ս. Նազարեթյանի ասելով` շենքերում վերանորոգման աշխատանքների ժամանակ արվող «ձևափոխությունները», որոնցից տարածված է բնակարանի պատերի քանդումը և այլն, նպաստում է շենքի սեյսմիկ վիճակի կայունության նվազմանը: