Ոլոռը` ժողովրդական բժշկության մեջ. բուժիչ նամակներ

Ոլոռը (Pisum) միամյա, լոբազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս է։ Տարբերում են կանաչ ոլոռի երեք ենթատեսակներ.
– Քաղցր, որի նոր հասունացող սերմերն ուտում են հում վիճակում կամ պահածոյացված,
– Նվազ քաղցր կամ «ուղեղաձև», որը հիմնականում պահածոյացվում է աղի մեջ կամ սառեցվում,
– Կեղևահան, որը պարունակում է բարակ մագաղաթյա շերտ, այն հիմնականում չորացնում են։

Ըստ հնէաբանների` ոլոռը հայտնի է եղել մարդուն առնվազն վաղ բրոնզե դարում, մշակվել է Հին Հունաստանում (Ք.ա. 4-րդ դ.), Հնդկաստանում (Ք.ա.1-ին դ.), Չինաստանում (4-րդ դ.), Ռուսաստանում (6-րդ դ.), Անգլիայում (11-րդ դ.)։

Ներկայումս ոլոռը մշակվում և պահածոյացվում է բազմաթիվ երկրներում, նաև ՀՀ-ում։ Թարմ ոլոռը պարունակում է մոտ 5,5 տոկոս սպիտակուց, 0,5 տոկոս ճարպ, 14,5 տոկոս օսլա, 5,5 տոկոս շաքար, մարդու առողջության պահպանման համար անչափ կարևոր ամինաթթուներ` լիզին, լեցիտին, տրիպտոֆան և այլն։ Հայտնի է, որ չորացրած ոլոռը սպիտակուցի պարունակությամբ չի զիջում քիչ ճարպ պարունակող մսին։ Կանաչ ոլոռի կալորիականությունը հավասար է մոտ 80-85 կկալ, իսկ չորացրածինը` 250-320 կկալ։

Ոլոռը պարունակում է ցինկ, երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մագնիում, կալիում, B խմբի վիտամիններ, ասկորբինաթթու և ռուտին, կարոտին, տոկոֆերոլներ։ Չոր ոլոռում օգտակար նյութերի տոկոսային չափը 3-4 անգամ մեծ է, քան թարմի մեջ, իսկ պահածոյացվածի մեջ` ավելի քիչ։

Կարդացեք նաև

Ոլոռն օգտագործվում է որպես դիետիկ սնունդ` օստեոպորոզի, պանկրեատիտի, երիկամների հիվանդությունների, հիպերտոնիայի, ճարպակալման, շաքարային դիաբետի, շագանակագեղձի բորբոքման դեպքում։

Ոլոռը կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ` աթերոսկլերոզի, գլխացավի, միզաքարային հիվանդության, հելմինտոզի, այրոցքի, էկզեմայի, սակավարյունության դեպքում։
Չիբան. Խառնեք 3-ական ճ/գ չոր, փոշիացրած կանաչ ոլոռ, բրինձ, կորեկաձավար, բովեք 3-4 րոպե, անընդհատ խառնեք։ Ավելացրեք 200 մլ եռջուր, եփեք 7 րոպե։ Թուրմը լցրեք ապակե տարայի մեջ, 1 ժամ թրմեք, պահեք սառնարանում։ Խմեք 2 ճ/գ` նախաճաշից առաջ։ Շարունակեք 2 շաբաթ։

3 ճ/գ ոլոռի ալյուրը խառնեք եռջրի հետ։ Ստացված հեղուկ խմորը լցրեք թանզիֆի վրա և ամրացրեք վերքին` քնելուց առաջ։

Այրոցք. Դանդաղ ծամեք 3-4 հատիկ թարմ կամ ջրի մեջ թրմված ոլոռ։ Կերեք օրը 3-4 անգամ` ուտելուց առաջ։
Ցածր հեմոգլոբին. Նախաճաշի ժամանակ կերեք 3-4 ճ/գ թարմ կամ պահածոյացված կանաչ ոլոռ։
Էկզեմա, թարախային վերքեր, կապտուկներ. Տրորեք նոր հասունացող ոլոռի սերմը։ Ամրացրեք վերքին։

1ճ/գ եփած ոլոռի խյուսը հարեք 1 թ/գ ձվի դեղնուցի հետ։ Ամրացրեք վերքին։
Այրվածք. Այրվածքի հետևանքով առաջացած խոնավ վերքի վրա ցանեք չոր ոլոռի փոշի։
Ուղեղի արյան սնուցումը լավացնող. Կերեք 1-ական թ/գ ոլոռի չոր հատիկներ, օրը 4-5 անգամ, ուտելու ընթացքում` 50 մլ ջրի հետ։
Հաճախ կրկնվող գլխացավ. Խմեք 2-ական թ/գ ոլոռի ալյուր` 100 մլ ջրի հետ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։
Որդաթափ միջոց. Կես կիլոգրամ ոլոռի հատիկները 10 ժամ թրմեք խնձորի քացախի մեջ։ Կերեք 100-ական գրամ` օրը 4-5 անգամ։
– Կես կգ ոլոռը կես ժամ եփեք 1 լ ջրի մեջ, ավելացրեք լոգանքի ջրին։

Տղամարդկանց համար.
– 20-30 գ ոլոռի հատիկները 3 ժամ թրմեք 100 մլ սառը ջրի մեջ։ Չափաբաժինը կերեք օրվա ընթացքում, թուրմը խմեք 1 թ/գ մեղրի հետ։
– Թուրմով ողողումներն ամրացնում են լնդերը և մեղմացնում ատամի ցավը։
Քարեր երիկամներում. Ծաղկման շրջանում հավաքեք ոլոռի ընձյուղները, 20 գ հումքը 10 րոպե եփեք 200 մլ ջրի մեջ, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, անկախ ուտելուց։ Շարունակեք 15-20 օր։ Թուրմը տրոհում է քարերը` հասցնելով ավազի հատիկի չափի։ Խորհրդակցեք բժշկի հետ։ Եթե քարերն ունեն ուրատային ծագում, ապա նման բուժումը խստիվ արգելված է։
Մազարմատներն ամրացնող. Մանրացրած ոլոռը 5 րոպե եփեք ձիթապտղի յուղի մեջ, թրմեք 1 ժամ, քամեք երկտակ ծալած թանզիֆով, ներմերսեք գլխամաշկին, 10-15 րոպեից լվացեք մազերը։

Զգուշացում։ Ոլոռը պարունակում է պուրիններ, ինչի պատճառով հակացուցված է հոդատապի և երիկամների անբավարարության դեպքում։ Ոլոռով պատրաստված ուտեստները չարաշահելու դեպքում կարող է առաջանալ մետեորիզմ, փքվածություն, ծանրության զգացողություն ստամոքսում, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում ոլոռը պետք է ուտել տրորելուց հետո։ Կարևոր է իմանալ, որ ոլոռը բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը։

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս