Մեղադրվում է անձնագրայինի պետը

Հերթական անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներից մեկի ղեկավարը: Ըստ մեղադրական եզրակացության, Աշտարակի բնակիչ Գայանե Հովհաննիսյանը վեց տարի` 2006թ. հուլիսից մինչև 2012թ. հուլիս, աշխատելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային բաժնում որպես պետ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և կատարել պաշտոնական կեղծիքներ` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Հիշյալ արարքի համար Գ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (‹‹Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը››) և 314-րդ (‹‹Պաշտոնեական կեղծիքը››) հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ օրերս մեր հրապարակած մեկ այլ տեղեկատվության համաձայն` այժմ ամբաստանվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արտաշատի անձնագրային բաժանմունքի պետ Արման Այվազյանը և նույն բաժանմունքի պայմանագրային աշխատակից Ռուբեն Սարգսյանը` առաջինը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ երկրորդը` կաշառք ստանալու պատրվակով խարդախություն կատարելու մեջ։

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս