ՏՀՏ ոլորտում որակյալ մասնագետն անգործ չի մնա Հայաստանում
Այսօր ՏՀՏ ոլորտի մի շարք խոշոր ընկերություններ կադրեր են պատրաստում: Չնայած դրան, այնուամենայնիվ, ոլորտում ամենակարևոր խնդիրներից մեկը որակյալ կադրերի խնդիրն է: Հայաստանում ՏՀՏ ոլորտում շուրջ 2000 բարձր վարձատրվող աշխատատեղեր այդպես էլ թափուր են մնում:
Արդյո՞ք այդ ամենը պայմանավորված է ոլորտի արագ աճի տեմպերով, արտագաղթով, թե՞ այլ բացատրություն ունի: Այս հարցին այսօր՝ հունվարի 23-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանեցին «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Ըստ Ռ. Յիրիկյանի՝ պատճառը համբերության պակասն է: «Մենք ցանկանում ենք այդ առաջընթացը տեսնել այսօր կամ երեկ, սակայն այդպես չի ստացվի: Նույնիսկ ամենահզոր երկրներին տասնյակ տարիներ են պետք եղել, որպեսզի կարողանան ինչ-որ քայլ կատարել, սակայն, եթե համեմատելու լինենք մեր երկրում կատարվածը շատ այլ երկրների հետ, ապա մենք բավականին ճանապարհ ենք անցել, մինչդեռ շատերն այդ ճանապարհն անցնում են տասնյակ տարիների ընթացքում»,- ասաց Ռ. Յիրիկյանը՝ նշելով, որ այդ ճանապարհը մենք անցնում ենք կայուն ձևով, պարզապես որոշակի ժամանակ, հավատք և հեռատեսություն է պահանջվում: «Այդ ամենն ընդամենը հոգեբանության հարց է: Ցանկացած տնտեսության, երկրի կամ հասարակության զարգացումը տևում է տարիներ, և ոչ թե՝ շաբաթներ կամ ամիսներ, կարևորը համապատասխան ռազմավարություն և ուղղություն ունենալն է, ու նաև մտածելակերպ, որոնք առաջ կտանեն ինչ-որ գործընթաց»,- ասաց նա:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ մեր երկրում ապրող մոտ 3 մլն մարդուց ՏՀՏ ոլորտում աշխատում են մոտ 5-6 հազար մասնագետներ, իսկ Հայաստանը գնալով ավելի ճանաչելի է դառնում ամբողջ աշխարհում: «Արդեն INTEL-ի հետ համաձայնագիր ենք կնքել, IBM-ի հետ բանակցություններ են ընթանում…: Որքան Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը ավելանա, այնքան որակյալ կադրերի պակասն ավելի շատ է լինելու: Շուկայում ավելի շատ մասնագետներ կլինեն միայն այն ժամանակ, եթե նոր ընկերությունների քանակը պակասի»,- ասաց Հ. Մուսայելյանը: Նրա խոսքով՝ անհնար է, որ Հայաստանում ՏՀՏ ոլորտում քիչ թե շատ որակյալ մասնագետը գործազուրկ մնա: Հիմնականում առանց աշխատանքի են մնում բուհերի նորավարտները, քանի որ ՏՀՏ ոլորտի ընկերություններն արագ և դինամիկ են աճում, և նրանք որակյալ աշխատողների պահանջ ունեն:
«Որակյալ աշխատողների պահանջարկը միշտ կլինի, և դրա քանակն անընդհատ կավելանա, հակառակ դեպքում՝ մենք զարգացումներ չենք ունենա, հակառակ դեպքում՝ որևէ բրենդային ընկերություն չի գա»,- ասաց Հ. Մուսայելյանը՝ ավելացնելով, որ նման իրավիճակներում այլ խնդիր է առաջանում, երբ ընկերությունները փորձում են միմյանցից որակյալ կադրեր «գողանալ», և դա էլ նորմալ գործընթաց է ամբողջ աշխարհում:
Ինչ վերաբերում է որակյալ կադրերի արտագաղթին, ապա, ըստ Հ. Մուսայելյանի՝ ՏՀՏ ոլորտը Հայաստանում շատ զարգացած չէր լինի, եթե մեր հայրենակիցներից շատերն 80-ականների վերջին չմեկնեին արտասահման: «Շատերը մեկնել են և ստեղծել են իրենց ընկերությունները, մասնաճյուղեր և պատվերներ են բերել Հայաստան, ու այդպիսով՝ նոր աշխատատեղեր են ստեղծել, շատերին պահել են մեր երկրում: Հայաստան վերադառնալով՝ որպես կայացած մարդ և կայացած գործարար, նրանք ևս պահում են հայկական ապրանքանիշը և դեռ կպահեն: Ես այդ հարցում վտանգ չեմ տեսնում»,- ասաց Հ. Մուսայելյանը: