Ներդրում՝ ապագայի համար
ՏՀՏ ոլորտի զարգացում, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում շնորհալի երիտասարդների բացահայտում և խրախուսում, մրցունակ կադրերի պատրաստում և կառավարման որակի կատարելագործում: Սրանք այն հիմնական ուղղություններն են, որ երկու հեղինակավոր ընկերություններ՝ «Վիվա Սել-ՄՏՍ»-ը և «Սինոփսիս Արմենիան» փորձում են զարգացնել մեր երկրում: Այսօր՝ հունվարի 23-ին, հրավիրված համատեղ ասուլիսի ընթացքում երկու ընկերությունների ղեկավարները ներկայացրեցին, թե վերոնշյալ որոտներում 2012-ին համատեղ ինչպիսի՞ ծրագրեր են իրագործել, և թե 2013-ին ինչպե՞ս են շարունակելու համագործակցությունը:
Այս առնչությամբ ՏՀՏ ոլորտում մի շարք հեռանկարային ծրագրերի իրականացման համար «Վիվա Սել-ՄՏՍ»-ը կտրամադրի մոտ 70 մլն դրամ, իսկ «Սինոփսիս Արմենիայի» մասնագետները կներդնեն իրենց փորձառությունն ու խորհրդատվությունը և ուսումնական փաթեթները:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ այս երկու հեղինակավոր և օտարերկրյա կապիտալով ընկերությունները բազմաթիվ ծրագրեր են իրականացնում Հայաստանում, սակայն այդ երկուսի համախմբումն ու համատեղ ծրագրերի իրականացումը միտված է մեր երկրում տաղանդաշատ պատանիների բացահայտմանը և խրախուսմանը, նորագույն կրթական ծրագրերի հիմնմանը, ինչպես նաև տեղեկատվական-հեղահաղորդակցական տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացմանը: Ըստ Հ. Մուսայելյանի՝ երկու ընկերությունները համատեղ մոտ 5 ծրագրեր են իրականացնում: «Արդեն անցյալ տարի 12 երկրներում անցկացվեցին Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադաներ, և այդ երկրների հաղթողները եկան Հայաստան՝ եզրափակիչ փուլին մասնակցելու:
Այս տարի արդեն մենք ունենք նոր հայտեր՝ Վրաստանից, Իսրայելից, Արգենտինայից, Բրազիլիայից, Չիլիից, ովքեր կմիանան այդ 12 երկրների մասնակիցներին: Այն հանգամանքը, որ այսպիսի օլիմպիադա է անցկացվում միայն Հայաստանում, խոսում է այն մասին, որ միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում Հայաստանը լուրջ դիրքավորումներ ունի և՝ ոչ միայն տարածաշրջանում»,- ասաց Հ. Մուսայելյանը: Երկրորդ համատեղ ծրագիրը ՏՀՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած անձանց ՀՀ նախագահի կողմից մրցանակի տրամադրումն է, որն արդեն երեք տարի իրականացվում է:
Հաջորդ ծրագիրը Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում համատեղ կրթական ծրագրի իրականացումն է՝ միկրոէլեկտրոնիկայի կապի համակարգերում մասնագիտությամբ: Ըստ Հ. Մուսայելյանի՝ նման մասնագիտությամբ բուհ չկա ամբողջ աշխարհում, իսկ այդ համատեղ ծրագիրն ուղղված էր Հայաստանում կապի համակարգի համար և միկրոէլեկտրոնիկայով զբաղվող այլ ընկերություններում կադրերի պատրաստմանը: Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում այս տարի երրորդ լսարանը կբացվի:
Երկու ընկերությունների ուշադրության կենտրոնում է ՏՀՏ ոլորտում կառավարման որակի բարձրացումը: Դա է պատճառը, որ նրանք, արդեն երկրորդ տարին է, աջակցում են նաև «ՏՀՏ ոլորտում լավագույն մենեջեր» ամենամյա մրցանակի նախաձեռնությանը:
Երկու ընկերությունների ղեկավարները նշում են, որ ուժերը համախմբելու դեպքում հաջողությունն ուղղակի ապահովված է այդ ծրագրերում: «Այս համագործակցությունը պարզ օրինակն է այն բանի, որ երկու ընկերություններ կարող են ինչ-որ դրական տեղաշարժեր կատարել մեր երկրում և մեր տնտեսության մեջ: Եվ եթե տարբեր ոլորտներում նման օրինակները և նման ծրագրերն ու աշխատանքները շատանան, ապա հրաշալի արդյունքների կարող ենք հասնել»,- ասաց «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ նշելով, որ բիզնեսը միայն այն չէ, որ գործի և կարողանա եկամուտներ ունենալ, իսկ տարեվերջին ամփոփի իր ֆինանսական տվյալները՝ արձանագրելով, թե որքան շահույթ է ձեռք բերել այդ տարի:
Ըստ Ռ. Յիրիկյանի՝ բիզնեսը պետք է լինի երկրի, տնտեսության, հասարակության մի մասը, այսինքն՝ պատկանելության և պատասխանատվության զգացում պետք է ունենա, ինչն անչափ կարևոր է բիզնեսում: Նմանատիպ օրինակներով պետք է բիզնեսն առաջնորդվի, համագործակցի և աշխատի:
«Այսօր մենք տեսնում ենք, որ մեր երկրից շատերն ուզում են գաղթել, բայց երբ տեսնեն, որ ինչ-որ գործ է արվում, որ հույս կա, և ինչ-որ տեղից արդեն լույսը երևում է՝ դա կարող է նրանց արդեն հավատ ներշնչել, և նրանք այլևս կփորձեն իրենց ծրագրերն ավելի կապել իրենց երկրի հետ և այստեղ կփորձեն առաջ գնալ: Մենք ցանկանում ենք տեսնել, որ նման օրինակները կրկնվում են՝ տարբեր ոլորտների, տարբեր ընկերությունների կողմից: Եթե անգամ իրենց եկամտի 0.5 %-ը կամ 1%-ը ներդնեն նմանատիպ ծրագրերի մեջ, որի պտուղները մենք կարող ենք քաղել հետագայում, ապա դա հետագայում կանդրադառնա մեր տնտեսության և մեր երկրի զարգացման վրա, հետևաբար՝ կազդի նաև նրանց գործունեության ընթացքի վրա: Սակայն, դժբախտաբար, այսօր շատերը միայն կարճատես են, հեռանկարային մտածելակերպ չունեն և մտածում են, թե ինչքան արագ կարող են գրպանները լցնել և ասել, որ՝ մենք այս տարի այսքան եկամուտ կամ այսքան շահույթ ենք ունեցել»,- ասաց Ռ. Յիրիկյանը:
«Մեր հիմնական խնդիրները, համատեղ ջանքերն ապահովվելու են այնպիսի միջավայր, որպեսզի մեր պատանիները արարեն, գործեն իրենց հարազատ երկրում»,- ավելացրեց Հ. Մուսայելյանը: