Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին ու Ահմեթ Դավութօղլուն Դավոսում քննարկել են համատեղ նախագծերի իրագործման հարցը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել են Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են թուրք-վրացական հարաբերությունների ներկայիս վիճակը:

Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակի կապակցությամբ՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ առկա են դրանք էլ ավելի խորացնելու ռեզերվներ:

Իվանիշվիլին ու Դավութօղլուն քննարկել են Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի մասնակցությամբ իրականացվող համատեղ նախագծերի ընթացքը (այստեղ առաջին հերթին խոսքը գնում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի մասին – 168.am): Վրացական կողմից տվյալ հանդիպմանը ներկա են գտնվել Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ թուրք-վրացական հարաբերությունները վերջին շրջանում վատթարացել են, թուրքական կողմը կասեցրել է Վրաստանում իր ներդրումները: Սաակաշվիլին դա պայմանավորել էր Բիձինա Իվանիշվիլիի կողմից «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի կառուցման նպատակահարմարության հարցի բարձրացմամբ: Ի դեպ, Իվանիշվիլին նախապես հայտարարել է, որ Հայաստան այցելելուց հետո պետք է այցելի նաև Թուրքիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս