«Այն, ինչ այսօր ենք տեսնում, հիմքեր չի տալիս մեզ որևէ մեկին աջակցելու»
Ասում է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը
– ՀՅԴ-ն դեկտեմբերի 26-ին հստակ հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրում առաջիկա նախագահական ընտրություններին, իշխանության թեկնածուին չի սատարում, սակայն մինչ օրս հստակ հայտարարություն չի հնչել` որևէ այլ թեկնածուի աջակցելո՞ւ եք, թե՞ոչ:
– Երբ ժողովը կայացավ, վերջնական պարզ չէր, թե թեկնածուների ինչ շրջանակ կունենանք: Այս հանգամանքը նկատի ունենալով` լիազորություն տրվեց ԳՄ-ին, հստակեցումներից հետո, հարկ եղած պարագայում հանդես գալ համապատասխան դիրքորոշմամբ և կոչով: Հիմա, երբ արդեն պարզ է` ովքեր են մասնակցում և ինչ նախընտրական ծրագրերով, ընտրարշավին հետևելով` մեր դիրքորոշումը կհստակեցնենք և դրա մասին կհայտնենք: Գոնե այս պահի դրությամբ, նկատի ունենալով թեկնածուների շրջանակը, մոտավորապես պատկերացնելով, թե ով ինչ ծրագրերով է հրապարակ մտնելու, ես կարծում եմ, որ այդ բացառությունների շրջանակը գնալով ընդլայնվում է:
Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի թեկնածությունը մեզ համար ընդունելի չէ, նույն կամ այլ պատճառներով հնարավոր է, որ որևէ մեկի թեկնածությունը մեզ համար ընդունելի չլինի: Գոնե ինձ համար անհասկանալի է` «Կարող է պատահի» (թերևս, նկատի ունի «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «Հնարավոր է» կարգախոսը.- Ա.Փ.) կարգախոսով հրապարակ եկած թեկնածուներն ինչ են ցանկանում անել:
– Ամենահավանական տարբերակներից մեկը համարվում էր, որ հենց Րաֆֆի Հովհաննիսյանին կսատարեք:
– Մենք ուզում ենք լրջություն տեսնել: Չի կարելի գալ հրապարակ իջնել և հերթական անգամ հիասթափեցնել ժողովրդին: Եթե լրջություն տեսնենք, եթե տեսնենք, որ հրապարակ եկած թեկնածուները, օրինակ, միավորվում են ընտրություններից առաջ ընդհանուր օրակարգի շուրջ, այդ զարգացումների պարագայում հնարավոր է, որ դիրքորոշում փոխվի: Բայց այն, ինչ այսօր ենք տեսնում, հիմքեր չի տալիս մեզ որևէ մեկին աջակցելու: Կոնկրետ ինչպիսի՞ն կլինի «Դաշնակցության» վերջնական դիրքորոշումը, քվեարկությունից մի քանի օր առաջ կհայտնվի:
– Որևէ մեկին չսատարելու ակնարկն ի սկզբանե նկատելի էր: Տպավորություն է, որ ամեն ինչ որոշված էր, սակայն փորձում եք ինտրիգը պահել:
– Ինտրիգը պահելու խնդիր չկա: Որոշումը կայացնելու ժամանակ դեռ վերջնական պարզ չէր` ովքեր են առաջադրվելու, ովքեր են գրանցվելու: Այդ առումով ի սկզբանե հայտարարել, որ որևէ թեկնածու մեզ համար անընդունելի է, ճիշտ չէր լինի: Բացի դրանից, թեև այս ընթացքում դա տեսանելի չէ, բայց մենք չենք ցանկացել ի սկզբանե բացառել ընտրական գործընթացների արդյունքում ինչ-որ հետաքրքիր զարգացումների հավանականությունը, որը կարող է դիրքորոշվելու անհրաժեշտություն առաջացնել։
– Եթե թեկնածուները, մասնավորապես` Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը միավորվեն, ՀՅԴ-ն դարձյալ կպնդի՞, որ իր պահանջները չեն բավարարվում:
– Նոյեմբերին, երբ նախաձեռնեցինք քաղաքական խորհրդակցությունները, պատկերացնում էինք հետևյալ սցենարը. հրապարակ բերել քաղաքական օրակարգ, քննարկումներ կազմակերպել տարբեր քաղաքական ուժերի հետ, փորձել ձևավորել ընդհանուր քաղաքական պլատֆորմ: Այնուհետև լուծել երկրորդ խնդիրը` կարող և դերակատար ուժերին միավորել այս գաղափարի շուրջ և լայն կոնսոլիդացիա ստեղծել: Այս քայլերը կատարելու պարագայում մենք այն համոզումն ունեինք, որ հասարակական տրամադրությունների մեջ էական բեկում տեղի կունենա, այսինքն` հավատ և վստահություն կառաջանա, որ հնարավոր է փոփոխություն անել:
Միայն այս պարագայում իմաստավորված կլիներ մասնակցությունը և նաև երաշխավորված կլիներ արդյունքը: Ցավոք, չհաջողվեց անել տարբեր պատճառներով: Բայց դրանից մենք հակված չենք ողբերգություն սարքել: Ընդամենը պետք է հետևություններ անել և նայել առաջ: Իսկ առհասարակ մեզ համար միշտ էլ կարևորվել է ծրագիրը, և ընդհակառակը` չենք կարևորել անձի խնդիրը և այսօր էլ չենք կարևորում: Եթե չկա ընդհանուր հայտարար` ինչ և ինչպես անելու հարցում, չի կարող լինել նաև համախմբում` հանուն ինչ-որ բանի: Այս հետևությունը մենք արել ենք նաև խորհրդարանական ընտրություններից հետո, որովհետև այդ ժամանակ ակնհայտ դարձավ, որ մարդկանց մոտ վստահության պակաս կա: Ժողովրդի գերակշիռ մասը, դժգոհ լինելով օրվա իշխանություններից, տարբեր վարչաիշխանական լծակների, ընտրակաշառքի ազդեցությամբ ամեն դեպքում քվեարկեց իշխող քաղաքական ուժին: Հետևություններից մեկն էլ սա էր, որ ընդդիմությունը ճիշտ ձևաչափով ու ճիշտ ասելիքով չի ներկայացվել հանրությանը:
Դրա համար մենք նախաձեռնեցինք այս գործընթացը, որպեսզի ստեղծենք այդ այլընտրանքը: Այս պարագայում մասնակցելը, անշուշտ, ինտրիգ կմտցներ: Բայց այնպես չէ, որ ինտրիգի բացակայությունը կամ դրա գոյությունն ինքնին էական է հանրային շահի տեսանկյունից: Նախագահական ընտրությունները խորհրդարանական ընտրություններ չեն, այստեղ կամ հաղթում ես, կամ պարտվում: Խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունն այլ է, և այդ առումով այն հիմնավորումները, թե` եթե չէիք մասնակցում նախագահական ընտրություններին, ինչո՞ւ մասնակցեցիք նախագահականին, տեղին չեն:
– Դեկտեմբերի 26-ին ԳՄ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, երբ ներկայացրեցիք Գերագույն ժողովի որոշումը, Դուք հայտարարեցիք, որ այս ընտրությունների դրական կողմը կլինի այն, որ իշխանությունները չեն դիմի ընտրակաշառքի, թաղային հեղինակությունների օգտագործմանը: Դա կարելի՞ է ընտրական պրոցեսում քայլ առաջ համարել:
– Առողջ բանականությունը հուշում է` որևէ իշխանավոր չի ցանկանա ընտրված լինել մատնանշածս եղանակով, որովհետև դա խնդիր է առաջացնում հենց իրենց համար: Մի բան է` լինել հասարակության ընտրյալ, այլ բան` լինել հաղթող ընտրական միջոցառման արդյունքում: Այնպես որ, հուսանք, որ այս անգամ իշխանությունները խելամիտ կգտնվեն և չեն ապավինի վարչաիշխանական ռեսուրսին ու փողին այն ծավալներով, որ արժեզրկվեն ընտրությունները:
Չեմ կարող պնդել, որ այդ հնարավոր նախադեպը լավ հիմք կհանդիսանա հետագայում: Հայաստանում կայացած առաջին համապետական ընտրությունները` 1991թ.-ի նախագահական ընտրությունները, մինչ օրս Հայաստանում կայացած ամենաարդար, ամենաթափանցիկ, ամենաազատ ու մրցակցային ընտրություններն էին, բայց հետո կյանքը ցույց տվեց, որ մենք շեղվեցինք այդ ընթացքից հենց հաջորդ իսկ ընտրության ժամանակ: Այնպես որ, առանձին վերցրած մեկ ընտրության ժամանակ դրական այն միտումները, որ լինում են, բոլորովին երաշխիք չեն հանդիսանա հաջորդ ընտրությունների համար, եթե մեր քաղաքական համակարգը պատրաստ չլինի պարտադրելու այդպիսի ընտրություններ, եթե մեր հասարակությունը պատրաստ չլինի ընտրությունների միջոցով իշխանություն փոխել:
– Մինչ դուք հետևեք իրադարձություններին` ընտրազանգվածին ուղղորդելու համար, հնարավոր է, որ ՀՅԴ-ի համակիրներն արդեն կատարեն իրենց ընտրությունը: Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարեց, որ իր վստահված անձանց մեջ կարող են լինել տարբեր կուսակցությունների շարքային անդամներ: Հնարավո՞ր է, որ դաշնակցականները ևս այլ թեկնածուների, այդ թվում `և իշխանության թեկնածուի օգտին աշխատեն:
– Ինչ-որ թեկնածուի օգտին քվեարկելը` մի բան է, վստահված անձ լինելն` այլ բան: Գոնե դաշնակցականների պարագայում առանց ԳՄ-ի որոշման բացառվում է այդպիսի դրսևորումներ, որ որևէ կուսակցական հանդես գա որևէ թեկնածուի վստահված անձ: Ինչ-ինչ, բայց գոնե մեր կազմակերպական կառույցը և մեր էլեկտորատը միշտ հստակ գիտակցված է գնացել ընտորւթյուններին և իր անելիքը միշտ իմացել է:
«168 ԺԱՄ»