Գեղարվեստի ակադեմիայի գործով միայն մեկ ամբաստանյալն ընդունեց մեղադրանքը
«Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօրվա նիստում ամբաստանյալներ, ՊՈԱԿ-ի պրոռեկտոր Սվետլանա Գևորգյանը և Ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:
Ի պատասխան Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի (նախագահող դատավոր Մխիթար Պապոյան) հարցի՝ ամբաստանյալներ, ամուսիններ Արայիկ Ֆահրադյանն ու Արմինե Ենոքյանը հայտարարեցին, որ «այս պահին» չեն ցանկանում պատասխանել մեղավոր ճանաչելու-չճանաչելու հարցին: Եւ միայն ամբաստանյալներից մեկը՝ Ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանն իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի ու կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ, մեղադրող Այվազյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր Ս. Գևորգյանը և Ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հ. Փայասլյանը միաժամանակ լինելով 2012-2013 թթ. ուսումնական տարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի` համապատասխանաբար նախագահի տեղակալ ու պատասխանատու քարտուղար, իրենց վերապահված լիազորություններն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
Ըստ մեղադրանքի, Ս. Գևորգյանը և Հ. Փայասլյանը ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խ. Ազիզյանի միջնորդությամբ 2012թ ապրիլին ընդունել են ակադեմիայի դիմորդ Է. Բարբարյանի ծնողներից` Ա. Ենոքյանից և Ա. Ֆահրադյանից, առանձնապես խոշոր չափերի` 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար ստանալու առաջարկը: Այնուհետև 2012թ մայիսին Խ. Ազիզյանի միջոցով Ս. Գևորգյանը և Հ. Փայասլյանը ստացել են առանձնապես խոշոր չափերի 3.500 ԱՄՆ դոլար կաշառք` դիմորդ Է. Բարբարյանին ակադեմիա ընդունելու համար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Գևորգյանին և Հ. Փայասլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, Խ. Ազիզյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդություն, իսկ Ա. Ֆահրադյանին և Ա. Ենոքյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը:
Դատարանի որոշմամբ, ապացույցների հետազոտումը սկսվեց վկաների հարցաքննությունից:
Վկա Գասպար Մելքոնյանը հայտնեց, որ վերոհիշյալ դիմորդի ծնողների խնդրանքով միջնորդել է, որպեսզի իր ընկեր Խ.Ազիզյանը ստուգի դիմորդի ընդունակությունները՝ ներկայացված աշխատանքների հիման վրա: Ըստ նրա, Խ.Ազիզյանը գտել է, որ Ակադեմիա ընդունվելու համար դիմորդն անպայման պետք է դասընթաց անցնի դասախոսի մոտ: Ըստ վկայի, Ակադեմիա ընդունվելուց մի քանի օր անց դիմորդի ծնողների հետ նորից հանդիպել են Խ.Ազիզյանի հետ, ծնողները սրտնեղել են, որ իրենց որդին ընդունվել է վճարովի հիմունքներով, այլ ոչ թե պետպատվերով: Ըստ վկայի, ինքը գումարային խնդիրներից տեղյակ չի եղել: Մինչդեռ նախաքննական ցուցմունքում վկան՝ հղելով Արայիկ Ֆահրադյանից լսածը, նշել էր, որ Խաչիկ Ազիզյանը գումար է վերցրել, «գումար ենք խոսել», «գումար ենք տվել, որ երեխան ընդունվի», Ա.Ֆահրադյանը չի նշել, թե ում կողմից է գումարը տրվել:
Ակադեմիայի գունանկարի ու գծանկարի դասախոս Կարեն Գասպարյանը, ով դասընթացներ էր անցկացրել դիմորդի հետ, հայտնեց, որ «Արայիկ Ֆահրադյանն ասաց, որ կինս գումար է տվել»: Փետրվարի 14-ի նիստում կշարունակվի վկաների, այդ թվում՝ վերոհիշյալ դիմորդի, հարցաքննությունը:
Այսօրվա նիստում դատարանը մերժեց Հայկ Փայասլյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի միջնորդությունը իրենց պաշտպանյալին «անհապաղ ազատ արձակելու մասին»՝ կալանքի մեջ գտնվող գործով միակ ամբաստանյալը տառապում է ողնաշարի, իշեմիկ և հիպերտոնիկ հիվանդություններից և նրա համար, ըստ պաշտպանների, մեկուսարանում չկան համապատասխան կենցաղային պայմաններ, նրան քրեակատարողական հիմնարկին դատարան տեղափոխող մեքենան նույնպես հարմարեցված չէ նման հիվանդների տեղափոխելու համար: Ըստ պաշտպանական կողմի, ապօրինի է նրա նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու, կալանքի ժամկետը երկարացնելու որոշումները, քանի որ առկա չէ հանցագործությունը կատարելու հիմնավոր կասկած: Իսկ գործը դատարան ուղարկվելու հիմքով կալանքի ժամկետը կասեցնելու ներպետական դրույթը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշմանն, ըստ որի գործը դատարան ուղարկելը չի կարող հիմք լինել կալանքի ժամկետի կասեցման համար:
Սոնա Մաշուրյան
«Փաստինֆո»