Կհաջողվի՞ կանխել ԺՀԿ պառակտումը

168.am-ի «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ այս պահին կուսակցությունում ընթանում են քննարկումներ, որոնց նպատակն է՝ հաշտեցման եզրեր ստեղծել կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի և փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի միջև: Եթե դա տեղի չունենա, կուսակցությունը կարող է կիսվել երկու մասի, ինչպես արդեն մեկ անգամ տեղի է ունեցել:

Հիշեցնենք, որ 1999թ. կուսակցության հիմնադիր նախագահ Էդվարդ Եգորյանի մահից հետո տեղի ունեցած համագումարում կար կուսակցության նախագահի երկու թեկնածու` Պետրոս Մակեյանը և Սոս Գիմիշյանը: Հրավիրված արտահերթ համագումարում այն ժամանակ նախագահ ընտրվեց Պետրոս Մակեյանը, իսկ Սոս Գիմիշյանը, ով դժգոհ մնաց կուսակցության նման որոշումից, դուրս գալով «Ժողովրդավարական Հայրենիքից», ստեղծեց սեփական կուսակցությունը` «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը»:

Մակեյանը պնդում է ՀԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, իսկ դրա անհնարինության կամ տապալման դեպքում` մտադիր է դուրս գալ այդ կառույցից: Իսկ Ղուկաս Մեհրաբյանը համարում է, որ Տեր-Պետրոսյանի կամքն անքննելի է, և դա պետք է ճանաչել՝ որպես միակ ճշմարտություն:

Մակեյանի կողմնակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ, եթե Մեհրաբյանը համարում է, որ ՀԱԿ-ում ամեն ինչ ճիշտ է և իդեալական, ապա թող ինքն անհատապես անդամակցի ՀԱԿ-ին, ինչի հնարավորությունը ունի, և ոչ թե փորձի իշխանափոխություն իրականացնել կուսակցությունում, որի արդյունքում կուսակցությունը, ըստ էության, կկորցնի իր ինքնուրույնությունը և կդառնա ՀԱԿ-ի կցորդը:

Նշեենք, որ երբ խոսք է գնում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության մասին, ապա իրականում դա վերաբերում է 10 մարդկանցից կազմված միավորին: Թվում է, թե դա այնքան էլ մեծ թիվ չէ, բայց նայած, թե ինչ տեսակետից ես նայում հարցին: 10 կուսակցականները կարող են կիսվել ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ, և ստեղծել մի քանի կուսակցություններ:

Դրա համար որքան էլ քննադատեն «մարդ կուսակցություններին», որտեղ նախագահից բացի՝ ուրիշ ոչ ոք չկա, իսկ այդպիսիք Հայաստանում շատ կան, դրանք Հայաստանում ամենակայուններն են: Այդպիսի կուսակցություններում երբևէ հակասություններ չեն լինում, և որոշումներն ընդունվում են միաձայն:

Նկատենք, որ ՀԱԿ-ին ոչ Ղուկաս Մեհրաբյանն է պետք, և ոչ էլ Պետրոս Մակեյանը, այնտեղ ավելի շատ գնահատում են «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության անվանումը, այն էլ՝ միայն այդ անվանումը վերացնելու իմաստով: Խնդիրն այն է, որ ՀԱԿ-ում ակտիվորեն քննարկվում է կուսակցության վերակազմավորվելու հարցը, և որքան մեծ լինի այն կուսակցությունների քանակը, ովքեր ինքնալուծարման ճանապարհով կդառնան ՀԱԿ, այնքան ավելի հնչեղ կլինի այն: Թե չէ կստացվի, որ ՀՀՇ-ն ընդամենը անվանափոխվում է ՀԱԿ-ի:

Տեսանյութեր

Լրահոս