Սերժ Սարգսյանը խոստանում է հետ վերադարձնել հայաստանցիներին՝ առանց Տիգրան Սարգսյանի
Այսօր երեկոյան Կառավարության Նիստերի դահլիճի նախասրահում տրվեց նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի մեկնարկը: Այն մեկնարկեց ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունում իրավաբան Ալբերտ Աբգարյանի երգով, ով երգը գրել էր հատուկ նախընտրական արշավի համար: Աբգարյանը կույր է և նախագահի աշխատակազմում աշխատանք է գտել Սերժ Սարգսյանի հորդորով՝ մասնակցելով իրավաբանի թափուր տեղի համար կազմակերպված մրցույթին: Աբգարյանը վստահ էր, որ երգը հաջողություն է բերելու Սերժ Սարգսյանին, և շնորհակալություն հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանին:
Սերժ Սարգսյանի հետ էին նրա շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, շտաբի պետի տեղակալներ, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և Լևոն Յոլյանը: Շտաբի պետի մյուս երեք տեղակալները նախընտրական քարոզարշավի մեկնարկին բացակայում էին. Դավիթ Հարությունյանը մասնակցում է ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանին, Միքայել Մինասյանը նույնպես արտասահմանում է, իսկ Կարեն Կարապետյանը գտնվում է Լոռու մարզում, որտեղ նա կոորդինացնում է նախագահի թեկնածուի քարոզարշավը:
Հետաքրքիր էր, որ քարոզարշավի մեկնարկին չէր մասնակցում վարչապետ Տիգրան Սարգսյանը, չնայած մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նրա որդին`Արման Սահակյանը, ով Պետգույքի կառավարման վարչության պետն է, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ և այլ պաշտոնյաներ:
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ այս քարոզարշավը հայաստանցուն իր երկրին կապելու, երկրից հեռացածներին Հայաստան վերադարձնելու հնգամյա արշավի մեկնարկն է: Սերժ Սարգսյանը նշեց, որ ապագայում շատ ենք լսելու «մենք տուն եկանք» արտահայտությունը:
«Հիշեք, որ մեր նախընտրական քարոզարշավը որևէ մեկի դեմ չէ, այլ ժողովրդի քվեի համար է: Մեր երկիրը մենք ենք փոխելու»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը, ում նախընտրական կարգախոսն է՝ «Դեպի ապահով Հայաստան»:
Այսպիսով կարելի է արձանագրել, որ նախագահական ընտրություններում հաղթելու առավել մեծ հնարավորություն ունեցող թեկնածուն Հայաստանի հիմնական խնդիրը համարում է արտագաղթը: Սերժ Սարգսյանը սրանով ընդունում է, որ իր պաշտոնավարման առաջին հինգ տարիներին իրեն չի հաջողվել լուծել այդ խնդիրը, և այդ ընթացքում ևս հայաստանցիները հեռացել են երկրից, որոնց պետք է հետ վերադարձնել:
Կհաջողվի՞ Սերժ Սարգսյանին լուծել այդ խնդիրն իր նախագահության հաջորդ հինգ տարիների ընթացքում. դժվար է ասել: Դրան հասնելու համար նախ՝ պետք է, որ նախագահ Սարգսյանը անկեղծ և հիմնավոր գնահատի արտագաղթի իրական պատճառները: Իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասում է, որ հայաստանցիները երկրից գնում են ոչ թե արդարության բացակայության, այլ բարձր աշխատավարձի հետևից: Նախագահ Սարգսյանը նկատի ունի, որ հայաստանցիները հիմնականում գնում են ոչ թե արևմտյան Եվրոպայի երկրներ, որտեղ ավելի շատ արդարություն կա, այլ Ռուսաստան, որտեղ, թեև արդարության մակարդակն այնքան էլ բարձր չէ, բայց կա վաստակելու հնարավորություն:
Արդյո՞ք առաջիկա 5 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին կհաջողվի հայաստանցիների միջին աշխատավարձը հասցնել հազար դոլարին համարժեք դրամի, որքան որ այսօր վաստակում են Ռուսաստան մեկնած մեր հայրենակիցները: Սա մի քիչ անիրական է թվում:
Իրականում կյանքի պայմանները Հայաստանում գնալով վատանում են, և առաջիկայում սպասվող գազի և դրան հետևող այլ ապրանքների թանկացումները կարող են սոցիալական վիճակի վատթարացման և արտագաղթի նոր ալիքի պատճառ հանդիսանալ:
Բայց, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում, և քանի դեռ այն չի մեռել, մենք շարունակում ենք հույս ունենալ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես խոստանում է Սերժ Սարգսյանը: