Հմայակ Հովհաննիսյանը կասկածում է դատարանին

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ գործով այսօր նրա պաշտպան Կարեն Ղազարյանը դատարանին միջնորդեց ինքնաբացարկ հայտնել:

Պաշտպանական կողմը ողջամիտ կասկածներ ունի, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը անկողմնակալ ու անաչառ չէ, դատարանը մեղադրանքի կողմում է գտնվում, և ակնհայտ է որ դատական ակտը լինելու է ի վնաս ամբաստանյալի:

Մասնավորապես ըստ կողմի քրեական գործը ենթակա է վերադարձման, սակայն դատարանը ընդունել է այն վարույթ և դատաքննություն նշանակել առանց գործում ընդգրկելու կարևորագույն վկաների և առանց հաշվի առնելու կարևորագույն հանգամանքներ: Մասնավորապես տուժող Սենիկ Ջուլհակյանի ճկույթի վնասվածքը հասցվել է դռան տակ մնալու պատճառով այլ ոչ թե ամբաստանյալի գործողությունների հետևանքով: Այդ մասին նշվում է նաև ոստիկանության պաշտոնական ամփոփագրում, ինչը սակայն հաշվի չի առնվել նախաքննական մարմնի կողմից: Հմայակ Հովհաննիսյանը միացավ իր պաշտպանի միջնորդությանը նշելով, որ գործի հարուցումը կոպտագույն խախտում է իր՝ ԱԺ պատգամավորի թեկնածուի նկատմամբ, քանի որ դեպքը տեղի է ունեցել 2012թ. ապրիլի 21-ին: Ըստ ամբաստանյալի գործը ծայրից- ծայր շինծու է քաղաքական հալածանք է և քաղաքական հետապնդում:

Մեղադրող Հայկ Էյրամջյանը գտավ, որ ինքնաբացարկի միջնորդությունը անհիմն է և ենթակա է մերժման, որովհետև դատարանի կողմից օրենքի որևէ դրույթ չի խախտվել, մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը պաշտպանական կողմին հիշեցրեց, որ դատարանն ավելի վաղ քննարկել է պաշտպանական կողմի նույնաբովանդակ միջնորդությունը և մերժել այն՝ հիմնվելով վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման վրա: Դատարանը շուտով կհրապարակի իր որոշումը միջնորդության վերաբերյալ:

Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասով՝ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Ըստ մեղադրական եզրակացության, Հմայակ Հովհաննիսյանը 2012թ. ապրիլի 21-ին` ժամը 10:30-ի սահմաններում, Երևանի Մոսկովյան 34ա հասցեում տեղակայված «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի մուտքի դիմաց, վիճաբանության ժամանակ, «հանցավոր անփութություն դրսևորելով իր գործողության և դրա վտանգավոր հետևանքների նկատմամբ», հրել է նույն ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանին, ինչի հետևանքով վերջինս նախ մարմնով և ձախ ձեռքով համահարվածվել է մուտքի դռան եզրային մետաղյա շրջանակին, ապա, կորցնելով հավասարակշռությունը, գլորվել է բազալտապատ աստիճանահարթակից: Դրա հետևանքով Ս.Ջուլհակյանի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս՝ ձախ սրունքի շրջանների արյունազեղման, ձախ ձեռքի 3-րդ և 5-րդ մատների հիմային ֆալանգների չտեղաշարժված կոտրվածքների ձևով։

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս