Ադրբեջանը շարունակում է մնալ թուրքական արտադրության սպառազինության ակտիվ գնորդ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական արտադրության սպառազինության ակտիվ գնորդներ են հանդիսանում Ադրբեջանը, Եգիպտոսը, Բոսնիա-Հերցեգովինան և այլ երկրներ: Այս մասին են վկայում Թուրքիայի պաշտպանական ու օդատիեզերական արդյունաբերության արտահանողների ասոցիացիայի տվյալները:
Վերջիններիս համաձայն, 2012 թվականին Թուրքիայի ռազմական արդյունաբերության համալիրը սեփական արտադրանքի արտահանումը մեծացրել է 43 տոկոսով՝ այն հասցնելով մինչև 1.62 միլիարդ դոլարի: Թուրքական արտադրության սպառազինություն սկսել են գնել ոչ միայն փոքր երկրները, այլև՝ այդ ոլորտի առաջատարները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և այլ պետություններ:
Նախորդ տարի Թուրքիան ամենաշատն արտահանել է ուղղաթիռների ու ինքնաթիռների դետալներ, տանկեր ու զրահամեքենաներ: 2012 թվականին թուրքական ռազմական արտադրանք ներկրած երկրների ցուցակը գլխավորել է ԱՄՆ-ը, որը գնել է 490 միլիոն դոլարի ինքնաթիռների ու ուղղաթիռների դետալներ, տարբեր տիպի զենք և զինամթերք:
2012 թվականի մարտի 27-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (SSM) ներկայացրեց իր ռազմավարական հնգամյա պլանը, որում խոսվում է պաշտպանական ոլորտի հիմնական նախագծերի ավարտի կոնկրետ ժամկետների մասին: Ըստ ռազմավարական պլանի՝ 2016 թվականին ռազմական արդյունաբերության ցուցանիշներով Թուրքիան մտնելու է աշխարհի ուժեղագույն երկրների լավագույն տասնյակում: 2016 թվականին ողջ ռազմական արտահանումը կազմելու է 2 միլիարդ դոլար: երկա դրությամբ SSM-ն ապահովում է Թուրքիայի զինված ուժերի ռազմական կարիքների ավելի քան 50 տոկոսը: