Ադրբեջանում սկսվում է տնտեսական ճգնաժամ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum, WEF), որը հայտնի է որպես Դավոսյան ֆորում (Davos summit) անցկացվելու է հունվարի 30-ից մինչև փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դժվար կլինի հպարտանալ երկրի տնտեսական հաջողություններով, քանի որ ներկայումս ՀՆԱ-ի ու բնակչության սոցիալական պաշտպանվածության մասին վիճակագրական տվյալներն ամենավատն են՝ սկսած 2003 թվականին նրա իշխանության գալուց:
ՀՆԱ-ի աճը հազիվ հասել է 2 տոկոսի, իսկ սղաճն Ադրբեջանի մայրաքաղաքում 9 տոկոսով գերազանցել է եկամուտների աճը: Նավթարդյունաբերական ոլորտը դանդաղ, սակայն մշտական անկում է ապրում, ինչը որևէ լավ բան չի խոստանում: 2009-2010 թվականներին Ադրբեջանում գրանցվել է նավթի արդյունահանման գագաթնակետը՝ 50 միլիոն տոննայից քիչ ավելի, ինչից հետո այն սկսել է անկում ապրել:
2011 թվականին Ադրբեջանում արդյունահանվել է մինչև 45.3 միլիոն տոննա նավթ, իսկ 2012 թվականին՝ 42.9 միլիոն տոննա: Արևմտյան փորձագետների կանխատեսմամբ՝ մինչև 2025 թվականն Ադրբեջանում նավթի տարեկան արդյունահանումն ընկնելու է մինչև 20 միլիոն տոննայի, ինչը չի կարող փոխհատուցվել գազի արդյունահանման աճով:
Նավթի արդյունահանման ու նավթային եկամուտների անկումը բացասականորեն է ազդում բնակչության սոցիալական մակարդակի վրա, այսօր Ադրբեջանում շատ ցածր է ապրելու նվազագույն պայմանների համար սահմանված մակարդակը և բարձր է կոռուպցիայի մակարդակը:
Ինչպես և մյուս ավտորիտար երկրներում, Ադրբեջանում նույնպես կտրուկ աճում է հարուստների ու աղքատների եկամուտների միջև տարբերությունը, քանի որ կապիտալը մեծապես կենտրոնացված է իշխող, կոռումպացված քաղաքական ընտրանու ձեռքում:
Ալիևը Դավոսյան ֆորումներին սկսել է մասնակցել 2007 թվականից, երբ Ադրբեջանն իր մինչև 35 տոկոս ՀՆԱ աճով աշխարհում առաջատար դիրքերում էր: Նա դրանց մասնակցում էր, որպեսզի համաշխարհային առաջնորդներին ու հանրահայտ ընկերություններին ներկայացներ Ադրբեջանի տնտեսական հաջողություննները:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մայիսին բրիտանական The Economist պարբերականը գրել էր, որ Ադրբեջանի նավթային պաշարները կարող են սպառվել 2028 թվականին, մինչդեռ Ադրբեջանի կառավարությունը պետք է ջանքեր գործադրի՝ պահպանելու համար այն առատաձեռնությունը, որին սովոր է ադրբեջանական հասարակությունը: