«Բնապահպանության նախարարությունում խաղեր են գնում». Սիլվա Ադամյան

Հարցազրույց «Թռչնասերների ակումբ» հ/կ-ի նախագահ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի հետ

– Նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին Հրաչյա Հովակիմյանը նշանակվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում: Ինչպե՞ս եք գնահատում նրա աշխատանքն արգելոցում:

– Ուզում եմ հենց սկզբից ասել, որ որպես անձ՝ ոչ ոքի դեմ չեմ, բայց մենք դեմ եք եղել, որպեսզի նման մարդ աշխատի արգելոցում, քանի որ ինքն իր մասնագիտական տվյալներով չի համապատասխանում այդ աշխատանքին: Նա բնապահպան, կենսաբան չէ: Մենք ուզում ենք, որ «Խոսրովի անտառ» արգելոցը՝ որպես պատմամշակութային, բնության հուշարձան, մնա իր տեղում: Դրա համար մենք ցանկանում էինք, որ այնպիսի մարդ լիներ այդ պաշտոնում, որը կկարողանա պաշտպանել արգելոցը: Հիմա մենք դիմում ենք տարբեր մարդկանց, ովքեր կկարողանան կատարել այդ գործը:

Արդեն դիմել ենք «Հայաստանի թռչունների պահպանման միության» հիմնադիր և տնօրեն Մամիկոն Ղասաբյանին, ով ժամանակին աշխատել է արգելոցում: Նա հրաժարվել է, քանի որ շատ ծանրաբեռնված է:

Կարդացեք նաև

Բայց մենք նաև առաջարկել էինք նախկին տնօրեն Վորոնցով Բարսեղյանին վերականգնել այդ պաշտոնում: Նա լավ մասնագետ էր, ճանաչում էր Խոսրովի արգելոցը և, այսպես ասած՝ «դուխ» ուներ: Բայց, չգիտես ինչու, ասում էին, որ իր աշխատանքի ժամկետը լրացել է, տարիքային և առողջական առումով այլևս չի կարող աշխատել: Դիմել ենք նաև բնապահպան Եղիա Ներսիսյանին: Ինքն էլ հրաժարվեց, ասաց` ես չեմ կարող, քանի որ այդ մասնագետը չեմ: Մենք մտածում էինք, որ ինքը բավական ակտիվ քաղաքացի է, մենք էլ` որպես մասնագետներ, իր կողքին կլինեինք և կօգնեինք նրան:

Ուրիշ մարդու մենք հիմա չենք տեսնում: Մեզ դիմել էր նաև Վահան Դավթյան անունով մի երիտասարդ: Ես չեմ կարող ժխտել, որ նա խելացի տղա է, բայց հ/կ-ները և նախաձեռնությունները, տեսնելով նրա՝ Հանրապետական կուսակցության պատկանելությունը, հրաժարվեցին, քանի որ ցանկանում են՝ անկուսակցական անձ լինի: Բայց պետք է ասեմ, որ մենք պինդ ենք բռնել Խոսրովի արգելոցից, աշխատում ենք դրա վրա, և կարծում եմ՝ կգտնվի մեկը, որ քիչ թե շատ կհամապատասխանի այն տվյալներին, որոնք ցանկալի են մեր կողմից:

– Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ  «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը կհայտարարվի տոներից հետո: Այս պահի դրությամբ՝ մրցույթը դեռ հայտարարված չէ: Ըստ Ձեզ`ի՞նչն է պատճառը:

– Ես կարծում եմ, որ իրենք մարդ են ման գալիս: Դա է խնդիրը: Երևի արդեն տեղյակ են, որ որոշ մարդիկ իրենց դիմելու են, և այդ մարդիկ իրենց չեն գոհացնում: Այնտեղ խաղեր են գնում: Մարդ են ման գալիս: Միանշանակ, դա կապված է նաև նախագահական ընտրությունների հետ:

– Որսագողության հետ կապված Բնապահպանության նախարարության հիմնական փաստարկն այն է, որ «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքը բավական մեծ է, ու դժվար է մի քանի պահակներով այդքանը վերահսկել: Ի՞նչ եք կարծում՝ գոյություն ունեցող խնդիրները դրա հետևա՞նքն են, թե՞ կան այլ պատճառներ:

– Այո՛, ես համաձայն եմ, որ կան ֆինանսական խնդիրներ, բայց պատճառն այն է, որ մենք Բնապահպանության նախարարությունում ունենք կոռումպացված համակարգ, և վերևից, մեր  կառավարման ատյաններից անընդհատ ճնշում է գործադրվում այդ մարդկանց վրա, որ՝ այսպես կանեք, այնպես կանեք, և այդ ճնշումը հակամարտություն չի ստանում: Այդ ճնշումը հակամարտություն է ստանում քաղաքացիական հասարակության կողմից: Բնապահպանության նախարարությունը դարձել է խաղալիք: Սա  միայն Խոսրովին չի վերաբերում: Մենք հիմա աշխատում ենք և՛ Մելիք գյուղում, և՛ Մեղրաձորի հանքերում:

Շրջակա միջավայրի փորձաքննությունը, որն արվում է և հաստատվում Բնապահպանության նախարարության կողմից, սա էլ է կոռուպցիայի, ճնշման հետևանք: Ես եղել եմ արտերկրում, տեսել եմ՝ ինչպես են այնտեղ կառավարում արգելոցները, արգելավայրերը: Պետությունն այնտեղ աջակցում է, ստիպում է, որ այդպես լինի: Իսկ մեզ մոտ հակառակն է. եթե ինչ-որ նախաձեռնություն էլ լինի նախարարության կողմից, վերևից անմիջապես դա կկասեցվի: Սա է խնդիրը:

Մինչև մենք այս կոռուպցիայի, մաֆիայի խնդիրները չլուծենք, մենք չենք կարող հասնել կոնկրետ արդյունքի: Եվ դա պիտի անենք վերևից: Դաշինքը պահանջել է նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը, և պահանջում ենք նորից, որ պաշտոնանկ լինի, նախարարության ամբողջ կառուցվածքը փոխվի, և այնտեղ լինի մի մարդ, որը  կլինի անկուսակցական, լավ բնապահպան, մեր կողմից ճանաչված մարդ, որը կկարողանա ընդդիմանալ այն ամենին, ինչին ես ասացի: Այս դեպքում մենք կկարողանանք արդյունքի հասնել:

– Ի՞նչ եք կարծում՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո Արամ Հարությունյանը կվերանշանակվի՞ Բնապահպանության նախարարի պաշտոնում:

– Լուրեր են տարածվում, որ իր վրա, այսպես ասած, ատամ ունեն, որ նման սկանդալներ բարձրացան Խոսրովի հետ կապված և մնացած հարցերի հետ կապված՝ հանքարդյունաբերության, Թեղուտի հետ կապված: Ես լսել եմ, որ ուզում են պաշտոնանկ անել, բայց հենց պաշտոնանկ արեցին, Դուք չեք պատկերացնում՝ ի՛նչ է սկսվելու: Թույլ չենք տալու, որ այնպիսի մարդ նստի այնտեղ, որ շարունակվի այն ամենը, ինչ հիմա շարունակվում է: Դա միանշանակ է, մենք շատ մարտական ենք տրամադրված:

– Ներկայումս շատ է խոսվում Խոսրովի արգելոցի խնդիրների մասին: Հայաստանի հատուկ պահպանվող մյուս տարածքներում ի՞նչ խնդիրներ ունեն:

– Մենք ունենք խնդիրներ, օրինակ, Շիկահողի արգելոցում, որովհետև հանրությունը միշտ չի կարողանում այցելել: Այժմ ստեղծվում է մոնիտորինգային խումբ, որը պետք է մշտադիտարկում իրականացնի արգելոցներում: Մենք ունենք լուրջ խնդիրներ «Սևանի ազգային պարկում»: Մենք ունենք Որորների կղզի, որն արգելավայր է, բայց գնացեք-տեսեք`այնտեղ ինչ է կատարվում: Ինձ նույնիսկ ազգային պարկի աշխատակիցներն են դիմել, ասել են, որ ֆիզիկապես չեն հասցնում: Այնտեղ փորձել են ինչ-որ բաներ անել:

Տեղադրել են թռչունների դիտարկման համար փայտից նստարաններ, բայց ամբողջը ջարդուփշուր են արել: Երբ գալիս ու տեսնում ես, թե ինչպես են խմած ու, այսպես ասած, խուլիգանական ստատուս ունեցող մարդիկ, մեքենայով հրմշտելով այդ մարդկանց, հայհոյելով անցնում այդ ճանապարհով… այդ դեպքում աշխատողը ոչ մի բան չի կարող անել: Դրա համար այդ ամենը պետք է կանոնակարգվի վերևից: Այստեղ, ճիշտ է, մենք մեղադրում ենք նախարարությանը, ասում, որ կառուցվածքը պետք է փոխվի, բայց երբ մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք կարծում են, թե իրենց ամեն տեղ ամեն ինչ կարելի է անել, մինչև այս խավը չհասկանա, որ իրենց ամեն տեղ ամեն ինչ անել չի կարելի, մենք արդյունքի չենք հասնի:

Տեսանյութեր

Լրահոս