Արամի փողոցի շենքի բնակարանների կրկնավաճառքից տուժած բնակիչների հարցը լուծո՞ւմ են

«Գապբնակշին» ՍՊԸ-ի գործողությունների արդյունքում տուժած բնակիչներին բնակարան կարող է հատկացվել «D&H Group» ընկերության կողմից Ծիծեռնակաբերդի խճուղում կառուցվող շենքերից մեկում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը:

Հիշեցնենք, որ «Գապբնակշին» ՍՊԸ-ի կողմից Արամի փողոցի 72-80 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքում միևնույն բնակարանները վաճառվել էին երկու գնորդների:

«Մենք հիմա դրան ենք գնում: Հունիս ամսից մենք սկսել ենք բանակցություններ, դեկտեմբերին ապահովել ենք, որ պայմանագիր ստորագրվի: Այդ շենքը` Դալմայի շենքը, վերցնում ենք: Երևի թե մինչև ամսվա վերջ արդեն ձևակերպումները կարվեն, որից հետո կլինի Կառավարության որոշում, որով կհաաստատվեն հատկացումների չափանիշները: Այդ շենքով և «Գապբակշինի» շենքով մենք կարողանում ենք բոլորի տարածքային խնդիրները լուծել»,- ասաց Հայկ Դավթյանը: Ըստ նրա`շենքը կառուցվել է «D&H Group» ընկերության կողմից:

Նշենք նաև, որ կատարած գործողությունների համար քրեական գործ է հարուցվել  «Գապբնակշին» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Պապոյանի և փոխտնօրեն Սիմոն Աղազարյանի դեմ: Գործն այժմ գտնվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում: Datalex տեղեկատվական համակարգի տվյալներով՝ մեղադրական եզրակացության համաձայն՝ Գագիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը:

Կարդացեք նաև

Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած՝ բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա՝ միասնական դիտավորությամբ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս