Երկաթուղու վերականգնումը կախված է Ռուսաստանի դիրքորոշումից. Իվանիշվիլի
Աբխազիայի, Վրաստանի և Հայաստանի երկաթուղային հաղորդակցության վերականգնումը հնարավոր է, և վրացական կողմը բազմիցս պատրաստակամություն է հայտնել և այդ առումով Վրաստանի և Հայաստանի միջև որևէ տարաձայնություն չկա: Այս մասին, ըստ News.am-ի, այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնումը՝ հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացման ֆոնին:
Իվանիշվիլիի խոսքով՝ մեծ մասամբ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը կապված է Ռուսաստանի դիրքորոշման հետ: Նա նաև նշել է, որ Վրաստանն այդ ուղղությամբ գործադրում է բոլոր ջանքերը:
Իր հերթին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության հարցը երկկողմ հարաբերությունների օրակարգում է: «Այսօրվա հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք նաև այդ հարցը. Հայաստանը շահագրգռված է այդ հարցի լուծմամբ»,-ասել է Սարգսյանը: