
Բա որ կրակել եմ վրան, բա ընչի՞ ա սաղ մնացել ինքը. Կարեն Բաբակեխյան

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը դատարանում երեկ հայտարարել է, որ Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը ղասաբ է, մսագործ՝ պատճառաբանելով, որ իրեն դաժանորեն ծեծի է ենթարկել նախաքննության ընթացքում, որպեսզի ցանկալի ցուցմունք կորզի: Նա նաև ասել է, թե գլխի վրա ուռուցքներ կան, մարմնի տարբեր հատվածներում` ծեծից հետո մնացած հետքեր, որոնք մեկ տարի անց էլ նկատելի են: Իսկ ամբաստանյալի հայրը՝ Սամվել Սարգսյանը, ով ի դեպ ոստիկանական համակարգում աշխատել և բարձր պաշտոններ է զբաղեցրել շուրջ 45 տարի, հայտարարել է, որ ՇՄ ոստիկանապետը անգամ զենքի ուժով է փորձել ցուցմունքներ կորզել. «Զենքը պահել, անգամ կրակել է երեխի վրա, էնքան է ծեծել, որ գրի…»,- ըստ galatv.am-ի՝ հայտարարել էր Սամվել Սարգսյանը՝ հավելելով, թե բարձրաձայնում է, որպեսզի ՀՀ նախագահը լսի այդ մասին:
Այսօր galatv.am-ը ամբաստանյալի և նրա հոր մեղադրանքների մասին մեկնաբանություններ է խնդրել ՇՄ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից: Ներկայացնում ենք Շիրակի մարզային ոստիկանապետի՝ galatv.am-ին տված հարցազրույցն ամբողջությամբ:
– Պարո՛ն Բաբակեխյան, երեկ դատարանում ամբաստանյալ Հարություն Սարգսյանն ու նրա մերձավորները հայտարարում էին, որ ծեծել եք Հարությունին, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն եք կիրառել, հայրն ասում էր՝ զենքից կրակել եք անգամ, որ վախենա…
– Բա որ կրակել եմ վրան, բա ընչի՞ ա սաղ մնացել ինքը: Էնպես եմ ծեծել, որ գլխի ուռուցքները մնացել են, հա՞, մեկ տարի հետո: Դե շատ բան են իրանք խոսացել, հիմա այն ամենը, ինչ իրանք էնտեղ ասել են, ինձ պտի հարցնե՞ք, հի՞մք պիտի ընդունեք: Անհեթեթություն է ամեն ինչը, նոր չեն իրանք այդ մասին բողոքում, այդ բողոքները դեռ գործի սկզբից եղել են: Իրանք այդ մասին դիմել են Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ-ն կատարել է համապատասխան քննություն, հերքել է դրանք ամեն ինչը, որ դրանք անհեթեթություն եւ զրպարտություն է: Հիմա դատական նիստն է սկսվել, եւ նույն պատմությունը նորից շարունակվում է:
– Պարո՛ն Բաբակեխյան, բայց ինչո՞վ է պայմանավորված այն, որ Դուք նման քայլերի չեք գնացել, բայց Ձեր անունն է շրջանառվում:
– Ես դրան նորմալ եմ վերաբերվում, ոնց ասում են՝ էմոցիաների չեմ տրվում, բայց էլի եմ կրկնում` մարդ պտի ինքն էլ հասկանա, որ բնականաբար անձը, որը կատարել է ծանր հանացագործություն եւ ինքն իրան արդարացնելու ոչ մի բան չունի, ինքը պտի կախվի փրփուրներից, թող կախվի փրփուրներից, ի՞նչ խնդիր կա…
– Փաստորեն, դուք արդեն հայտարարում եք, Դուք վստա՞հ եք, որ այդ հանցագործություն կատարող անձը Հարություն Սարգսյանն է: Դատարանը դեռ նման վճիռ չունի, եւ միայն նախաքննությամբ այդ անձին մեղադրանք է առաջադրված, դեռ նոր է սկսվում դատաքննությունը, իսկ Դուք հայտարարում եք, որ…
– Ես օպերատիվ աշխատող եմ, ես իմ աշխատանքը կատարել եմ, մնացածը թող դատարանը կատարի: