Բաժիններ՝

Ովքե՞ր են այդ անգրագիտության հեղինակ «դետոչկինները»

Բարեգործության անվան տակ խաբեություն են իրականացնում

Վերջին շրջանում հաճախ են մեր քաղաքացիները զանգահարում խմբագրություն՝ խնդրելով պարզաբանել և լրատվություն տարածել մի խնդրի կապակցությամբ, որի մասին որոշակի տեղեկատվություն ստանալու հնարավորություն իրենք չունեն:

Բանն այն է, որ Հայաստանում գոյություն ունի մարդկանց մի խումբ, որոնք մանկատներին բարեգործություն կատարելու հանգամանքը շահարկելով՝ փորձում են դրամներ կորզել: Արդեն մի քանի ամիս է՝ մասնավորապես Երևան քաղաքի բնակարաններ են զանգահարում ինչ-որ աղջիկներ և առաջարկում են գնել «Ես և դու» ամսագիրը, որին մեծ վերապահումով կարելի է ամսագիր անվանել: Ընդ որում՝ նույն արագախոս աղջիկը կարող է օրը մի քանի անգամ զանգահարել ձեզ և իր առաջարկի մասին իրազեկելուց առաջ բավականին սրտաճմլիկ տեքստ ձոնել՝ մանկատներին բարեգործություն անելու ձեր պատրաստակամությունը գրգռելու գործին: Այնուհետև «արագախոսը» հերթական բաժանորդին առաջարկում է պատվիրել «Ես ու դու» գրքույկանման մի բան, որին նա ամսագիր է անվանում:

«Եթե դուք գնեք մեր ամսագիրը՝ բարեգործություն կանեք մանկատների սաներին, քանի որ այդ հասույթը փոխանցվում է մանկատներին»,- ասում է նա: Շուրջ մեկ ամիս առաջ այդ ամսագրի ներկայացուցիչները հերթական անգամ զանգահարեցին մեզ: Հասկանալով, որ մանկատների անունը որպես «ամսագիրն» իրացնելու շարժառիթ օգտագործելը ոչ միայն բարոյական չէ, այլև՝ խարդախություն է՝ մենք փորձեցինք որոշակի տեղեկատվություն ստանալ: «Իսկ մանկատների ղեկավարները գիտե՞ն, որ դուք մանկատան սաների անունը շահարկելով՝ փող եք աշխատում»՝ հարցրեցինք մեզ զանգահարող արագախոս աղջկան: Նա խուճապի մատնվեց և պատասխանեց. «Իհա՛րկե գիտեն»:

Կարդացեք նաև

Կրկին հարց ուղղեցինք՝ կոնկրետ ո՞ր մանկատներին եք փոխանցում ամսագրի հասույթը: «Հանրապետությունում գործող բոլոր մանկատներին»,- պատասխանեց զանգահարող աղջիկը՝ արդեն հասկանալով, որ հարցերն ու պատասխանները հերթական սպառողի զուտ հետաքրքրասիրությունը չեն, և իր պատասխանները կարող են իր դեմ լինել: Նրան ասացինք՝ «Խնդրում եմ, ինձ թողեք ձեր հեռախոսահամարը: Այս պահին տանից դուրս եմ գալու, իսկ հետո կզանգահարեմ՝ ամսագիրը կպատվիրեմ»: Արագախոս աղջիկը կմկմալով պատասխանեց. «Մենք հետադարձ հեռախոսահամար չունենք: Դուք չեք կարող մեզ հետ կապվել: Ես ձեզ վաղը կզանգահարեմ»:

Մեր բոլոր ջանքերը՝ որևէ հեռախոսահամար իմանալու ուղղությամբ, ձախողվեցին, քանի որ նա ուղղակի խոսափողը վայր դրեց և այլևս չզանգահարեց: Իսկ հիմա ներկայացնենք այն «ամսագիրը», որը մեզ ներկայացրել են նույն հեռաձայնողի՝ մանկատներին բարեգործություն կատարելու հորդորներին արձագանքած մեր քաղաքացիները, որոնք այն պատվիրել են հեռախոսազանգի միջոցով:

20 էջանոց «Ես և դու» առողջարան կոչվող ամսագիրը սարսափելի անգրագետ տեքստերով մի գրքույկ է, որն ինչ-որ անհայտ անձինք մեր քաղաքացիների վրա «նաղդում» են՝ մանկատներին հանգանակություն կատարելու խաբեությամբ: Ամսագրում ընդամենը ներկայացված են մի քանի հարցազրույցներ բժիշկ մասնագետների հետ, որոնք անթույլատրելի սխալների պատճառով նույնիսկ անընթեռնելի են:

Օրինակ՝ տեքստերում կարող եք հանդիպել նման կոպիտ սխալների՝ «Հաչախ ականջում լսվող աղմուկ», «Վահանաձեվ գեղձ», «Վատ հետեվանքներ», «Սննդակարգուն անպայման փոփոխություն», «Օրիօրդական քայլվածք», «ճառագաթների ազդեցություն» և այլն: Սրանք ուղղագրական այն սխալներն են, որոնք դեռևս տեքստն ամբողջությամբ չկարդացած ընթերցողի մոտ արդեն կասկած են հարուցում, մինչդեռ տպագրական սխալներն ուղղակի խայտառակություն են: Ամսագրի վերջին էջում գրված է, որ այն տպագրվում է 2000 օրինակով: Պարզվում է՝ այն պատրաստվում է ինչ-որ բնակարանում, որի հասցեն է՝ Ավան, Թումանյան թաղամաս 7/1շ. բնակարան 30բն.:

«Ուշադրություն. Ամեն վաճառված ամսագրի հասույթի մի մասը տրամադրվում է ՀՀ մանկատներից մեկին»,- զետեղված է ամսագրի վերջին էջում, որտեղ հեռախոսահամար գոյություն չունի: Միայն գրված է՝ «Գովազդների, բողոքների համար հեռախոսահամար 010203013»: Նշենք, որ ամսագրում որևէ գովազդ տպագրված չէ:

Ինչևէ: Մենք այնուամենայնիվ վերոնշյալ համարով զանգահարեցինք, սակայն պարզվեց, որ այդ համարը գոյություն չունի: Ավելի ճիշտ՝ հեռախոսահամարը միացված չէ ցանցին:

Երեկ մենք փորձեցինք այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանից:

Վերջինս մեր քաղաքացիներին հորդորեց չհավատալ նմանատիպ շահարկումներին, քանի որ մանկատների անունները շահարկողները ոչ մի բարեգործություն չեն կատարում: Դրանից բացի, ըստ Լ. Հայրապետյանի, հանրապետությունում գործող մանկատներն ապահովված են, և նման «բարեգործությունների» կարիք չունեն: «Երբ առաջին անգամ լսեցինք այդ երևույթի մասին, ամսագիրը չէինք տեսել (ի դեպ, ամսագիրը մենք ներկայացրինք Լ. Հայրապետյանին.- Լ.Ս.):

Այնուամենայնիվ կարողացել էինք կոորդինատներ գտնել: Անձամբ զանգահարեցի, այդ խմբագրի հետ խոսեցի, որ չշարունակի նման ճանապարհով փող ձեռք բերել կամ կուտակել: Նրան ասացի, որ այլևս նման բան չկրկնվի, այլապես կդիմենք առավել լուրջ միջոցների: Մեր լրատվական բաժնին տեղեկացրեցինք, որպեսզի հայտարարությամբ դիմի բնակչությանը: Վերջին շրջանում նման արարքները հաճախակի են ի հայտ գալիս:

Օրինակ՝ քաղաքացիները մտել են մարդկանց բնակարաններ և 500-1000 դրամ են հավաքել՝ մանկատներին աջակցություն տրամադրելու նպատակով: Մենք երկու դեպքով էլ՝ ամսագրի և դրամ հավաքող քաղաքացիների առիթով մեր լրատվական բաժնին խնդրել ենք հայտարարությամբ հանդես գալ»,- վստահեցնում է Երեխաների հիմնահարցերի բաժնի պետը՝ հավելելով, որ «Ես և դու» ամսագրում նախկինում հեռախոսահամար եղել է, և իր զանգից հետո նրանք հավանաբար այդ համարը «վերացրել» են: Թեև, ըստ Լ. Հայրապետյանի, իր և ամսագրի ներկայացուցչի հեռախոսային խոսակցությունը եղել է նոյեմբեր ամսին, այնուամենայնիվ, նշենք, որ քաղաքացին, որն այն մեզ է փոխանցել, այդ գրքույկը պատվիրել է միայն վերջերս:

«Խմբագիրն ասաց, որ բարեգործություն են անում: Երբ հարցրեցի՝ ո՞ր մանկատանը, ասաց՝ այս պահին ես իրավասու չեմ տեղեկացնելու, թե որ մանկատանը, քանի որ ես ունեմ իմ ֆինանսական համակարգողը: Ասաց՝ նրա հետ խոսելուց հետո Ձեզ կզանգահարեմ, բայց այլևս չզանգահարեց»,- ասաց նա: Այդուհանդերձ, Լ. Հայրապետյանը ճշտել է նաև հանրապետությունում առկա բոլոր մանկատներից և պաշտոնապես հայտարարում է, որ «Ես և դու» ամսագիրը պետական որևէ մանկատան երբևէ չի աջակցել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում մենք չգտանք քաղաքացիների` նման խաբեություններից խուսափելուն ուղղված պաշտոնական հայտարարությունը, որը պատրաստ էինք տպագրել մեր թերթում: Գտնելուն պես մենք այն կհրապարակենք: Եթե, իհարկե, այդ տեքստը կա:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս