
Փայտի 15 տեսակներից պատրաստված պոկերի սեղանը` 75 հազար դոլար

Akke Functional Art դիզայներական գործակալությունը դիզայներ Աքսել Յաբերգի մասնակցությամբ ստեղծել է պոկերի` աշխարհում ամենաթանկ սեղաններից մեկը, որի արժեքը կազմում է 75 հազար դոլար:
Սեղանի պատրաստման համար վարպետներն աշխատել են շուրջ 600 ժամ: Պոկերի սեղանի կենտրոնական մասը պատրաստված է սև և կարմիր փայտից, ինչը խորհրդանշում է խաղաքարտերի սև և կարմիր «մաստերը»: Սեղանի անկյուններում` բաժակների համար նախատեսված տակդիրները պատրաստված են կեռասենուց և ամերիկյան կաղնու փայտից:
Սեղանի եզրերը չմշակված, անհարթ փայտից են, ինչով դրա հեղինակները փորձել են ցույց տալ, որ պոկերը բարդ խաղ է, սուր անկյուններով, և այդ խաղում հաղթում է ուժեղագույնը: Ընդհանուր առմամբ վարպետներն օգտագործել են փայտի 15 տեսակներ, իսկ սեղանի ոտքերը պատրաստված են ոսկեջրված մետաղից:
Բացառված չէ, որ այս սեղանը ձեռք բերեն պոկերի հայտնի խաղացողներ, միլիարդատեր Ուորեն Բաֆետը կամ Բիլ Գեյթսը: