Ատամնաբույժները՝ նախագահականի դիմաց (տեսանյութ)
ՀՀ նախագահական նստավայրի դիմաց այսօր բողոքի ակցիա են անցկացրել ատամնաբույժները: Խնդիրն այն է, որ տոներից առաջ Սերժ Սարգսյանը ստորագրել էր որոշում, համաձայն որի՝ հունվարի մեկից ատամնաբույժները ստիպված են լինելու վճարել հաստատագրված գումար՝ ամսական 60-100 հազար` կախված այն հանգամանքից, թե ատամնաբուժարանը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում, թե ծայրամասերում: Բողոքի ակցիայի մասնակիցներին վրդովեցրել է Սերժ Սարգսյանի այս որոշումը, նրանք ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել են, որ օրենքում փոփոխություններ կատարելով` իշխանության ներկայացուցիչները փորձում են դաշտը մոնոպոլիզացնել:
«Մի՞թե այս կերպ են կառուցում ապահով Հայաստան, իհարկե` ոչ: Մենք չենք կարող վճարել իրենց պահանջած գումարները, որովհետև մենք ամսական այդքան գումար չենք աշխատում: Հիմա նրանք ուզում են մեզ սոված պահեն»,- ասել են ակցիայի մասնակիցները: Նրանք հայտնել են, որ նման որոշում ընդունելով` ոտնահարում են իրենց իրավունքները: Մինչ այդ փոփոխությունները, նրանք պարտավոր էին նաև հասարակական լսումներ կազմակերպել, ինչը չեն արել, արդյունքում մենք հայտնվել ենք փաստի առաջ»,- դժգոհել են ակցիայի մասնակիցները:
Այս ամենի հետևանքը, ըստ հավաքված ատամնաբույժների, կլինի այն, որ փոքր ատամնաբուժարանները կփակվեն, իսկ աշխատանքը կորցրած բժիշկները ստիպված կլինեն հեռանալ Հայաստանից: Ատամնաբույժները հայտնել են, որ եթե առաջիկայում օրենքում փոփոխություններ չլինեն, ապա իրենք կգնան ծայրահեղ քայլի, ընդհուպ մինչև գործադուլի: Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մի քանիսը ոստիկանների ուղեկցությամբ գնացին նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպման: Բժիշկները իրենց դիմում-բողոքն են հանձնելու Սերժ Սարգսյանին և, կախված պատասխանի բովանդակությունից, կձեռնարկեն հետագա քայլերը: