Գրիգոր Հարությունյանը գոհ է Լևոն Զուրաբյանից

ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանն առայժմ չի ցանկանում մեկնաբանել Հայ ազգային կոնգրեսի համակարգողի պաշտոնից Լևոն Զուրաբյանին հեռացնելու նախաձեռնությունը: ՀԺԿ քարտուղարը հայտարարեց ` քանի դեռ Կոնգրեսի անդամ որևէ կուսակցության կողմից չկա պաշտոնական նման պահանջ, այդ մասին խոսելն անիմաստ է: «Եթե Մակեյանն այդպիսի հայտարարություն կանի, մենք կնայենք, կհետաքրքրվենք, թե ինչ է կատարվում, հարցը  կքննարկենք, մեզ մոտ ամեն ինչ կոլեգիալ է որոշվում»,- 168.am-ին ասաց Գրիգոր Հարությունյանը:

Նշենք, որ ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հայտարարել է, որ կուսակցության քաղխորհրդի նիստում աշխատանքային փաստաթուղթ են ընդունել՝ Կոնգրեսը ճգնաժամից դուրս բերելու վերաբերյալ: Պետրոս Մակեյանը նշել է, որ փաստաթղթում նշված անձերի վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ չի հրապարակում: Ճշտող այն հարցին ի պատասխան, թե խոսքը Լևոն Զուրաբյանին հեռացնելու մասին է` Պետրոս Մակեյանը պատասխանել է. «Ես չեմ կարող որևէ բան պնդել։ Ես ոչ մի բան ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում եմ»:

ՀԺԿ քարտուղարը նման հայտարարությունը համարեց ոչ պաշտոնական և շեշտեց, որ այդ մասին կարելի է խոսել, երբ  ՀԱԿ-ում այդ հարցը պաշտոնապես դրվի քննարկման: Գրիգոր Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի Լևոն Զուրաբյանի մասին՝ իբրև Կոնգրեսի համակարգող, և արդյո՞ք համամիտ է  Պետրոս Մակեյանի այն որակումների հետ, թե Լևոն Զուրաբյանը խառնակիչ է:

«Ես այդպիսի կարծիք չունեմ Լևոն Զուրաբյանի մասին, մարդն ակտիվորեն աշխատում է»,- նշեց ՀԺԿ վարչության քարտուղարը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Պետրոս Մակեյանի հնչեցրած այն տեսակետին, թե իր կուսակցությունը նախագահական ընտրություններում կսատարի  երեք ընդդիմադիր թեկնածուներից մեկին, եթե Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Պարույր Հայրիկյանը միավորվեն և մեկ թեկնածու առաջադրեն, Գրիգոր Հարությունյանը նշեց, որ ՀԺԿ-ն նման հարց չի քննարկել:

Տեսանյութեր

Լրահոս