Բախվել են «Հայինկասացիայի» աշխատակցի «Օպելն» ու դեսպանատան «Տոյոտան». կան վիրավորներ (լուսանկարներ)
Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Իսակովի պողոտայից դեպի Աթենքի փողոց ընկած ճանապարհահատվածում՝ Հրազդան տոնավաճառի հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Մանուկյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34 TԼ 746 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 43-ամյա Արթուր Խաչատրյանի վարած «Տոյոտա» մակնիշի 99 D30 ARM համարանիշի ավտոմեքենաները :
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Օպելի» վարորդ Ա. Մանուկյանն ու ուղևոր՝ Սիրիայի հանրապետության քաղաքացի, 46-ամյա Լուսինե Մխմյլջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արմեն Գասոյանը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՃՈ հատուկ պահպանման տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Օպելի» վարորդը աշխատում է «Հայինկասացիայում»՝ որպես հերթապահ օպերատոր, իսկ «Տոյոտայի» վարորդը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, իսկ ավտոմեքենան հաշվառված է ԱՄՆ դեսպանատան հաշվեկշռում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի