Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելն անհասկանալի էր Գագիկ Քեռյանի համար
Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցության ակտիվությունն ընկնելու է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Գագիկ Քեռյանը:
«Սա կապված չէ այն բանի հետ, որ հայ հասարակությունը քաղաքականապես հասունացած չէ, կամ մարդիկ չեն հասկանում ընտրությունների մասնակցելու կարևորությունը: Սա գալիս է ներկա իրավիճակից. մարդիկ այլևս հասկանում են, որ չսկսված ընտրություններն արդեն ավարտված են»,- ասաց Գագիկ Քեռյանը: Ըստ նրա`ստեղծված այս իրավիճակի համար մեղավոր են նաև այն թեկնածուները, որոնք կարող էին մոբիլիզացնել հասարակությանը, սակայն հրաժարվեցին մասնակցել ընտրություններին: Քեռյանի խոսքով` որքան կանխատեսելի են նախագահական ընտրությունների արդյունքները, նույնքան անկանխատեսելի են հետընտրական գործընթացները:
«Նկատի ունենանք, որ մինչև թեկնածուների առաջադրումն ընտրազանգվածի մոտավոր բաշխման առումով կար մի հոծ զանգված, որը պատրաստ էր գնալ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի թեկնածուի`Լևոն Տեր-Պետրոսյանի ետևից, սա փոքր քանակ չէ`մոտենում է 40 տոկոսի: Այս երկու կուսակցությունների, դրան գումարած՝ նաև կայուն ընտրազանգված ունեցող ՀՅԴ-ի հրաժարումն ընտրապայքարից բերեց մի իրավիճակի, որ մոտավորապես 40 տոկոս ընտրազանգված այժմ հայտնվել է վակուումի մեջ: Այստեղ դաշտ կա գործելու մյուս թեկնածուների համար`մանավանդ Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Հրանտ Բագրատյանն այն քաղաքական ուժից է, որը կապված է ՀԱԿ-ի հետ, ինչ-որ ձևով նա կարող է հույս ունենալ ՀԱԿ-ի ընտրազանգվածից: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնում է մի քաղաքական կուսակցություն, որը երկար ժամանակ պառլամենտական խմբակցություն ունի և բավական հստակ կերպով իր ընդդիմադիր դիրքը ցույց է տվել տարբեր առումներում:
Եթե տարվի գրագետ ընտրապայքար, եթե շատ գրավիչ լոզունգներ կարողանան նետել այս ընտրական քարոզչության մեջ, եթե կարողանան մարդկային ռեսուրսներ, շտաբներ կազմել, հնարավոր է՝ 35-40 տոկոս վակուումի մեջ հայտնված ընտրազանգվածից պատառիկներ փախցնեն»,- ասաց Գագիկ Քեռյանը:
Նրա գնահատմամբ`ընտրությունների երկրորդ փուլ դե ֆակտո կարող է չլինել, քանի որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի առավելությունն ակնհայտ է, բայց, ըստ նրա, հնարավոր է նաև՝ ընտրությունները լեգիտիմացնելու և դրանց մրցակցային բնույթ տալու համար բացառվեն ընտրակեղծիքները, և գնան դեպի երկրորդ փուլ:
Ըստ նրա՝ աշխատող վարկած կարող է լինել այն, որ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախապես համաձայնության են եկել վերջին երկուսի չառաջադրվելու մասին, սակայն, ըստ նրա՝ այդ վարկածը դեռ ապացուցված չէ: «Նրանց վարքն անհասկանալի էր: Եթե Գագիկ Ծառուկյանին հանենք՝ որպես իշխանամետ կուսակցության ղեկավար, և այն իմաստով, որ ԲՀԿ-ն մինչ 2008 թվականը եղել էր կառավարող կոալիցիայի մեջ, ապա ինձ համար շատ անհասկանալի էր Լևոն Տեր-Պետրոսյանի վարքագիծը, որովհետև 2008-ից հետո 3-4 տարի շարունակ այս կուսակցությանը հրավիրում էր բացահայտ պայքարի, փողոցային երթերի, ցույցերի: Սա ծնում է տարբեր վարկածներ»,- ասաց Քեռյանը:
Քեռյանը չի հավատում, որ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կեղծ թեկնածուներ են: