Հրանտ Բագրատյանի սատարելու դեպքում ՀԱԿ ակտիվիստների կողմից հնարավոր է՝ դժգոհություններ կհնչեն

ՀԱԿ-ին մաս կազմող «Հայաստանի կանաչների կուսակցությունն» առաջիկա օրերին կհայտարարի՝ սատարո՞ւմ է արդյոք «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, թե՞ ոչ:

«Այս պահին որոշում չունենք, սակայն քննարկումներ գնում են, մի քանի օրից դրանք կավարտվեն»,- 168.am-ին ասաց ՀԱԿ քաղխորհրդի անդամ Արմենակ Դովլաթյանը:

Հարցին, թե ինչպիսի՞ նախատրամադրվածություն կա կուսակցության ներսում Հրանտ Բագրատյանի թեկնածությունը սատարելու առումով, Արմենակ Դովալթյանը պատասխանեց, որ այս պահին որևէ հստակ բան չի կարող ասել: Նա նշեց, որ հստակ է միայն մի բան՝ օրակարգում Հրանտ Բագրատյանից բացի՝ այլ թեկնածուի սատարելու հարց չկա:

Արմենակ Դովլաթյանը դժվարացավ պատասխանել նաև հարցին, թե ՀԱԿ-ից  քանի՞ կուսակցություն հանդես կգա Հրանտ Բագրատյանի թեկնածությունը պաշտպանելու օգտին:

Կարդացեք նաև

Միաժամանակ «Հայաստանի կանաչների կուսակցության» նախագահն ասաց, որ Կոնգրեսի հռչակագիրը ՀԱԿ անդամ կուսակցություններին իրենց գործողություններում չի կարող կաշկանդել:

«Հռչակագրում գրված է, որ բոլոր կուսակցությունները, որոնք ստեղծում են ՀԱԿ-ը, ազատ են իրենց գործողություններում»,- ընդգծեց Արմենակ Դովլաթյանը:

Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ Կոնգրեսի կազմում ընդգրկված կուսակցությունները չեն ցանկանում «դեմ գնալ» նախագահական ընտրությունների մասնակցության վերաբերյալ ՀԱԿ-ի պաշտոնական տեսակետին և չեն պաշտպանում որևէ թեկնածուի:

«Ե’վ մեզ մոտ, և’ երևի թե այլ կուսակցություններում որոշակի քննարկումներ գնում են»,- ասաց Արմենակ Դովլաթյանը՝ չմանրամասնելով, թե հատկապես ո՞ր կուսակցությունների մասին է խոսքը:

Արմենակ Դովլաթյանից հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է՝ Հրանտ Բագրատյանին սատարելու դեպքում «Հայաստանի կանաչների կուսակցությունը» Կոնգրեսի կողմից քննադատության արժանանա:

«Հայտարարությունը ես էլ եմ ստորագրել, որ Կոնգրեսը չի մասնակցում ընտրություններին, բայց Կոնգրեսի կուսակցություններն ազատ են իրենց գործունեության մեջ»,- շեշտեց Արմենակ Դովլաթյանը՝ հավելելով, որ Հրանտ Բագրատյանի սատարելու մասին որոշում կայացնելու դեպքում հնարավոր է՝ տարբեր մարդկանց, մասնավորապես՝ Կոնգրեսի ակտիվիստների  կողմից դժգոհություններ հնչեն:

Տեսանյութեր

Լրահոս