Վրաստանի Վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել Օկրուաշվիլիին 11 տարով ազատազրկելու դատավճիռը
Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը բավարարել է Վրաստանի պաշտպանության նախկին (2004-2006) նախարար Իրակլի Օկրուաշվիլիի փաստաբանների ներկայացրած հայցը և չեղյալ է հայտարարել է 2008 թվականի մարտի 28-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած վճիռը, որով Օկրուաշվիլին դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման:
Այն ժամանակ Օկրուաշվիլիին դատապարտել էին կազմակերպված խմբով խոշոր ծավալի չարաշահումներ իրականացնելու համար: Չնայած Վերաքննիչ դատարանի վճռին, Օկրուաշվիլին շարունակում է մնալ ազատազրկման մեջ, քանի որ 2011 թվականի մայիսյան իրադարձությունների համար Թբիլիսիի քաղաքային դատարանը նույն տարվա հունիսի 30-ին նրան հեռակա կարգով դատապարտել էր նախնական կալանքի:
Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած Օկրուաշվիլին կամավոր Վրաստան է վերադարձել 2012 թվականի նոյեմբերի 20-ին և անմիջապես ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում՝ իր դեմ կայացված վճիռներին համաձայն: Ներկայումս նա գտնվում է Թբիլիսիի թիվ 9 բանտում: