
Հայերի ոչնչացմամբ վերացրինք մեր մշակույթի հարստություններից մեկը. Էրդողանի կուսակից

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Սուլեյման Սոյլուն մասնակցել է «Էրդեմ Բայազետ» մշակութային կենտրոնի կազմակերպած կոնֆերանսին:
Իր ելույթում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կուսակիցը նշել է. «Մենք ձեռք ձեռքի տված հայերին հասցրինք անհետացման մակարդակի: Դա հաջողվեց մեզ: Մենք վերացրինք մեր մշակույթի հարստություններից մեկը, սակայն այսպես, թե այնպես Թուրքիայում հայեր կան»:
Սոյլուն հայտարարել է նաև, որ Թուրքիան ունի 4 առավելություն, որոնցից առաջին երկուսը թրքությունն ու մահմեդականությունն են, որոնց մեկ բառով կարելի է բնորոշել որպես «անատոլիականություն»:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի կեսերին թուրք լրագրող Ջենգիզ Չանդարն իր «Եթե հայերը չլինեին, Ստամբուլն արդյոք կլինե՞ր» հոդվածում գրել էր, որ հայերը մեծագույն ավանդ են ունեցել Ստամբուլի և ընդհանրապես Թուրքիայի կյանքում.
«Մենք բոլորս պետք է մտածենք, թե ինչպես 1915 թվականից հետո մեր երկիրն սկսեց անապատանալ: Բոլոր սպանությունները, կոչվի դա «ցեղասպանություն», «զուլում» կամ «պատմության կեղծիք», անդառնալի հարված էին մեր երկրին և խոր մտածելու առիթ են տալիս»: