
Էրդողանի կառավարության ու Գյուլենի շարժման միջև սկսվում է բաց հակամարտություն

Eurasianet-ի փոխանցմամբ՝ թուրք քաղաքական վերլուծաբանները կասկածում են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իշխանության համար քաղաքական պայքար է մղում իսլամական հայտնի գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական շարժման դեմ:
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) կասկածվում է ոստիկանության, պետական ծառայությունների ու դատական համակարգում Գյուլենի կողմնակիցների մաքրման մեջ: Էրդողանի ու Գյուլենի շարժման միջև հակասությունը սրվեց այն բանից հետո, ինչ 2012 թվականի դեկտեմբերի վերջին Էրդողանի աշխատասենյակում հայտնաբերվեցին գաղտնալսող սարքեր:
Նշվում է, որ վերջին տասնամյակի ընթացքում Էրդողանի կառավարությունը թուրքական ԶԼՄ-ներում, դատական համակարգում և ոստիկանությունում բավական լայն ներկայացված գյուլենականների միջոցով կարողացել է լրջորեն սահմանափակել զինվորականների քաղաքական ազդեցությունը:
Այժմ, սակայն, մի շարք փորձագետներ չեն կարծում, թե Էրդողանի աշխատասենյակում հայտնաբերված գաղտնալսող սարքերը տեղադրել են զինվորականները և փոխարնեը կարծում են, որ դա գյուլենականների ձեռքի գործն է: Գյուլենի շարժումը գլխավորապես հայտնի է համայն աշխարհում իսլամական դպրոցների ընդարձակ ցանցի ստեղծմամբ, ինչպես նաև զգալի քանակությամբ մեդիա հոլդինգներին տիրապետելով:
Հիշեցնենք, որ Ֆեթհուլլահ Գյուլենը 1998 թվականին (1997 թվականի հետմոդեռնիստական հեղաշրջումից հետո) մեղադրվել է գործող կարգը տապալելու փորձի մեջ և 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում, նա իսլամի մասին ավելի քան 50 գրքերի ու հոդվածների հեղինակ է և մեծ ազդեցություն է ունեցել Էրդողանի իսլամական հայացքների վրա:
2012 թվականի ամռանն Էրդողանը Գյուլենին կոչ արեց վերադառնալ հայրենիք, սակայն մերժում ստացավ: