Բոլորը միանշանակ դրածո են, անգամ «Ժառանգության» առաջնորդը. ՀՅԴ ներկայացուցիչ

«Նախ ես չեմ հասկանում, թե էդքան մարդ ինչի՞ է դրել թեկնածությունը. եթե մարդը գնում է նախագահական ընտրության, նա պետք է գոնե ճանաչված լինի, նա պետք է վաստակ ունենա քաղաքական ոլորտում: Ինձ համար անհասկանալի էր նաև այն, որ մարդիկ, եթե չունեին այդ ընտրական գրավը, ինչի՞ էին առաջադրվել»,- galatv.am-ի հետ զրույցում  նախագահի առաջադրված թեկնածուների «առատությունն» այսպես է բնորոշել «Ժառանգություն» կուսակցության ՇՄ կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը:

Նա փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին հիմնական մրցակից տեսնում է միայն Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Բոլոր հարցումները, այդ թվում և մեր կողմից իրականացված հարցումները, ցույց են տալիս, որ նախագահի միակ մրցակիցն այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն է, և նրա շանսերը շատ մեծ են: Ժողովուրդը հիասթափված է, ժողովուրդը փոփոխություն է ուզում, շփումները ցույց են տալիս , որ մարդիկ հարգում են Րաֆֆի Հովհաննիսյանին, և ես համոզված եմ` եթե չլինեն այն մեքենայությունները, որոնք մշտապես եղել են, Րաֆֆի Հովհաննիսյանը դառնալու է ՀՀ նախագահ»,- նշել է Վահագն Հովհաննիսյանը:

ՀՅԴ Գյումրիի կառույցի պատասխանատուն ավելի քան վստահ է, որ որևէ ընտրապայքար առաջիկա ընտրություններում չի ծավալվելու, քանի որ, ըստ դաշնակցական գործչի, Հայաստանում երկար տարիներ է` նշանակումներ են տեղի ունենում և ոչ թե ընտրություններ:

Կարդացեք նաև

«Քաղաքապետի, ԱԺ պատգամավորի, և մինչև անգամ նախագահական ընտրություններին ամեն ինչ արդեն կանխատեսված է, պայմանավորված, քանի որ, իմ կարծիքով, նախագահական ընտրություններին մասնակցող ցանկացած ուժի ներկայացուցիչ, բոլորը միանշանակ դրածո են, անգամ «Ժառանգության» առաջնորդը, որովհետև մենք մեր պլատֆորմը ներկայացրեցինք, իրենք ներկայացան, ողջունեցին Դաշնակցության առաջարկը, բայց մի քանի օրից նա հայտնեց, թե առաջադրվում է, որպես թեկնածու»,- նշել է ՀՅԴ Գյումրու կառույցի ղեկավար Գևորգ Ալեքյանը:

Տեսանյութեր

Լրահոս