Նախագահի կարատեիստ թեկնածուն առաջին փուլում չի ուզում առճակատման գնալ պետական օրգանի աշխատողների հետ
Նախագահական ընտրություններում Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը ևս կմտնի ընտրապայքարի մեջ: Galatv.am-ի հետ զրույցում նա ասել է, որ ընտրագրավը, որը չմուծելու պատճառով նրա թեկնածությունը մերժվել էր, կմուծի հունվարի 13-ին:
Նշենք, որ ինչպես այսօր galatv.am-ին հայտնել էր ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, ընտրագրավի անդորագիրը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը հունվարի 14-ն է: Աբրահամյանը նշել է, որ այժմ զբաղված են գումարի ձեռք բերման աշխատանքներով, և հնարավոր է՝ հունվարի 10-ին էլ մուծեն գումարը:
Նրա խոսքով՝ 8 մլն դրամ ընտրագրավը հավաքվելու է պատերազմի և մարտական ընկերների շնորհիվ, սակայն ընդհանուր ընտրապայքարի համար նախատեսում են ունենալ 25 մլն դրամ: Նա ասել է, որ այժմ աշխատանքներ են տանում վստահելի մարդկանց ունենալու համար, որոնք պետք է աշխատեն թեկնածուի շտաբերում և ընտրատարածքներում:
«Մենք ուզում ենք վստահելի մարդիկ լինեն, որ մեր ձայնին տեր լինենք, կարողանանք մինչև վերջ մեր ընտրարշավը տանել ու 2-րդ, 3-րդ տեղը ապահովել»,- նշել է նա:
Այսինքն՝ զուտ մասնակցության համա՞ր եք ընտրապայքարի մեջ մտնում, եթե առաջին տեղի համար չեք պայքարում, հարցին Աբրահամյանը պատասխանել է.
«Առաջին փուլում չենք ուզում գնալ պետության հետ առճակատման: Եթե կարողանանք անցնել ձայների առավելությամբ երկրորդ փուլ, նոր այն ժամանակ կպայքարենք նախագահի աթոռի համար: Հիմա առաջին փուլում առճակատվել պետական օրգանի աշխատողների հետ, չենք ուզում, քանի որ մեծ ապարատ է, իրենք մեծ աշխատանք են տանում: Այս մի քանի օրվա աշխատանքը ցույց է տալիս, որ ամբողջ պետական ճակատը աշխատում է արդեն ապահովելու ընտրության հաղթանակ»:
Իրեն մրցակից այս ընտրություններում Տարոն Աբրահամյանը համարում է նախագահ Սերժ Սարգսյանին և «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:
Առաջադրման որոշումը, նրա խոսքով՝ կայացրել է, քանի որ երկրում պետք են լուրջ համակարգային փոփոխություններ, բոլոր բնագավառներում և հատկապես մարտարվեստի:
Ո՞րն է լինելու առաջին փոփոխությունը նախագահ ընտրվելու դեպքում՝ հարցին, Աբրահամյանը պատասխանել է.
«Սոցիալական, որի վատթարացումը բերել է ժողովրդի հիասթափությանն ու հայրենիքի լքմանը, այնուհետև մարտարվեստների և սպորտի զարգացման ուղղությամբ: 1993-ին թալանված ժողովրդի գումարների վերադարձման, որի հիմնական բեռը դնելու եմ ՀՀՇ-ի վրա և հատկապես Բագրատյանի, որը խորհրդարան գալուց գոնե մի անգամ ներողություն չխնդրեց ժողովրդից ու իր կուսակիցներից, չպարտավորվեցին պետության հետ համատեղ վերադարձնելու ավանդները»:
Աբրահամյանն ունի նաև իր կարգախոսը՝ «Միասնական, մարմնակիրթ, հզոր և ուսյալ Հայաստան», իսկ մյուս թեկնածուներից իր առավելությունը՝ իր մեծ փորձն է տարբեր բնագավառներում՝ սպորտի, անվտանգության, հետաքննության, հակաահաբեկչության: