2-րդ, 3-րդ տեղերի համար պայքարը նույնպե՞ս պատվավոր քաղաքական կարգավիճակ է
«Իրական մրցակից ես չեմ տեսնում, այդ թեկնածուների հիմնական պայքարը կլինի 2-րդ, 3-րդ տեղերի համար, ինչը նույնպես շատ պատվավոր քաղաքական կարգավիճակ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցության նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը` պատասխանելով հարցին, թե առաջադրված թեկնածուներից ո՞վ կարող է լինել իրական մրցակից գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
Մեր հարցին` ինչո՞վ է նա հիմնավորում իր այդ տեսակետը, որ, օրինակ, Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Պարույր Հայրիկյանը չեն կարող իրական մրցակից լինել ՀՀԿ-ի թեկնածուին, Հայկ Բաբուխանյանը պատասխանեց. «Ժողովրդի մեջ ունեցած իրական ռեյտինգով, որը կարողանում ենք մոտավորապես պատկերացնել, կատարած աշխատանքով: Կարծում եմ, որ տարբերությունը մեծ է»:
Նաև հետաքրքրվեցինք` այսինքն այդ թեկնածուներից որևէ մեկը չի՞ կարող համախմբել ընդդիմադիր ընտրազանգվածը, ինչին ի պատասխան ՍԻՄ ղեկավարը նշեց, թե ընդդիմությունն ի վիճակի չէ համախմբվել, առավել ևս՝ որ ընդդիմությունը բազմաշերտ է` իր գաղափարախոսական մոտեցումներով:
«Անգամ ներկայիս ընդդիմությունը, ինչպես տեսաք, այնքան մասնատվեց և բաժանվեց, որ խոսել միասնական թեկնածուի վերաբերյալ, անգամ մեկ քաղաքական ուժի շրջանակներում, մենք չենք կարող»,- ասաց Հ.Բաբուխանյանը:
Իսկ իշխանությանն ընդդիմացող հիմնական կուսակցությունների` ընտրություններին չմասնակցելու և որևէ թեկնածուի կամ, գոնե, իշխանության թեկնածուին չսատարելու դիրքորոշման մասին Հայկ Բաբուխանյանն ասաց. «Կարծում եմ` ցանկացած քաղաքական կուսակցություն, որն ասելիք ունի ժողովրդին, պետք է այս կամ այն ձևով մասնակցի ընտրություններին, իսկ եթե չի մասնակցում սեփական թեկնածուով, ապա այդ կուսակցությունը պետք է պաշտպանի մեկ այլ թեկնածուի, ինչպես օրինակ ՍԻՄ-ը աջակցում է մեկ այլ թեկնածուի` գտնելով, որ հզոր թեկնածու կա դաշտում, որի գաղափարախոսությունը հարազատ է մեր կուսակցությանը»:
«Իսկ ընդդիմությունը չի՞ կարող բոյկոտով պայքարել իշխանության դեմ»՝ հարցրինք Հայկ Բաբուխանյանին:
«Բոյկոտը պետք է հիմնավորված լինի: Եթե բոյկոտը հիմնավորված է կոնկրետ ինչ-որ գործողությունով, ասենք, մի թեկնածուի չեն գրանցում, կուսակցությունը բոյկոտում է, դա կարելի է պատկերացնել: Բայց բոյկոտ, որն արդարացնում է սեփական անկարողությունը, անօգնական վիճակը քաղաքական դաշտում, այդ բոյկոտը միայն ծիծաղ է առաջացնում և կարեկցանք»,- ի պատասխան ասաց Հայկ Բաբուխանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտ ներկայացրած նախագահի 15 թեկնածուներից միայն 7-ն են վճարել 8 մլն դրամ ընտրական գրավը: Այդ թեկնածուներն են ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար նախարար Արման Մելիքյանը, և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: