Ծառուկյանը Քոչարյանին հեռացրեց քաղաքականությունից

2013 թվականի նախագահական ընտրությունների ամենամեծ ինտրիգներից մեկը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության հնարավորությունն էր: Իրականում «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի` ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելու շուրջ ստեղծված աժիոտաժն այդ ինտրիգի արտահայտությունն էր:

Գագիկ Ծառուկյանի կամ Վարդան Օսկանյանի առաջադրմամբ Ռոբերտ Քոչարյանն ընտրություններում ներկայացված էր լինելու անուղղակիորեն, սակայն առնվազն ազդելու էր ընտրությունների վրա: Վճռորո՞շ կլիներ նրա ազդեցությունը, թե՞ ոչ, այլ հարց է, սակայն անձամբ կամ որևէ ԲՀԿ-ականի առաջադրմամբ նա կպահպաներ ընթացիկ քաղաքական զարգացումներում ունեցած դերակատարությունը:

Գագիկ Ծառուկյանի` չառաջադրվելու որոշմամբ իրականում լուծվեց Ռոբերտ Քոչարյանին քաղաքականությունից գրեթե ամբողջությամբ հեռացնելու, նախագահի պաշտոնին վերադառնալու նրա հնարավորությունն առնվազն զրոյական դարձնելու հարցը: Իհարկե, այսօր էլ հնչում են գնահատականներ, որ առաջիկա ընտրություններում Քոչարյանի կամ Ծառուկյանի չառաջադրումը երկրորդ և երրորդ նախագահների միջև ձեռք բերված ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունք է, որոնց համաձայն՝ Ս. Սարգսյան` նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո իշխանությունը փոխանցվելու է Քոչարյանին` 2017-2018 թվականի ընտրական գործընթացների արդյունքում: Բայց դրա հավանականությունն ամեն օրվա հետ նվազում է:

Որքան էլ ամուր լինեն երկու անձանց, անգամ ընկերական հարաբերություններ ունեցող գործիչների պայմանավորվածությունները, դա հակասում է իշխանության տրամաբանությանը: Ապացույցն անցած հինգ տարիներն են: 2008 թվականի ընտրություններից հետո գրեթե բոլորը համոզված էին, որ Ռոբերտ Քոչարյանն ամբողջությամբ պահպանելու է իշխանության վրա ունեցած ազդեցությունը, և առնվազն 2013 թվականին Ս. Սարգսյանը նրան է վերադարձնելու նախագահի պաշտոնը: Անցած հինգ տարիները, սակայն, ցույց տվեցին ճիշտ հակառակը:

Քոչարյանը պահպանեց (գուցե՝ առայժմ) իր ֆինանսական կարողությունները, սակայն նրա ազդեցությունը քաղաքական ու իշխանական համակարգում հասցվեց նվազագույնի: Այնպես որ, 2017-2018 թվականներին «Քոչարյանի վերադարձի» սցենարը, մեղմ ասած, խոցելի է: Դժվար է ասել՝ ի՞նչ փոփոխություններ կլինեն առաջիկա նախագահական ընտրություններից հետո և դրան հաջորդող ժամանակաշրջանում:

Անմտություն կլինի կարծել, որ նախագահության երկրորդ ժամկետում Ս. Սարգսյանը կկատարի քայլեր` իշխանությունը Քոչարյանին վերադարձնելու համար: Ճիշտ հակառակը` ավելի մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանը պետական կառավարման համակարգից ամբողջությամբ դուրս կմղի Ռոբերտ Քոչարյանի հետ թեկուզ անուղղակի առնչություն ունեցողներին` վերջնական դարձնելով երկրորդ նախագահի` «երիտասարդ թոշակառուի» կարգավիճակը:

1998 թվականի իշխանափոխությանը հաջորդած 10 տարիներին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրեթե ամբողջությամբ կորցրել էր պետական կառավարման համակարգի վրա ունեցած երբեմնի ազդեցությունը: Ռոբերտ Քոչարյանի` նախագահի պաշտոնից հեռանալուց հետո անցել է հինգ տարի, իշխանական համակարգում դեռևս կան մարդիկ, ովքեր ցանկանում են նրա վերադարձը և պատրաստ են ռիսկի դիմել դրա համար:

Առաջիկա հինգ տարիներին, սակայն, այդ մարդիկ այլևս չեն լինի պետական կառավարման համակարգում, և 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանը կունենա գրեթե նույն ստարտային հնարավորությունները, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը` 2008 թվականին: Չհաշված, իհարկե, մեծ, չափազանց մեծ ֆինանսական կարողությունները: Եթե, իհարկե, մինչ այդ, ինչպես ժամանակին Լևոն Զուրաբյանն էր անհանգստանում, իշխանությունը սեփականության վերջնական վերաբաշխման որոշում չկայացնի:

Տեսանյութեր

Լրահոս