«Մարդ դատելով՝ մենք անտառ չենք փրկի»

«Այս տարի Հայաստանում նվազել է ապօրինի հատումների քանակը՝ կապված վերահսկողության խստացման հետ, սակայն ոլորտի խնդիրները լուծված չեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի անտառներ» հ/կ-ի նախագահ Նազելի Վարդանյանը:

«Ես ակնկալում էի, որ այս տարի կներդրվեր ստուգանշման համակարգը, որի շնորհիվ ծառերը կկոդավորվեին, համակարգչի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի կկարողանար հետևել տվյալ ծառին՝ ճանապարհից մինչև արտադրություն: Ամենամեծ ձեռքբերումը դա կլիներ: Մենք անընդհատ ասել ենք, որ այն, ինչ որ իրենք հատում են, բոլորը փաստաթղթեր են ցույց տալիս: Հնարավոր է՝ առանց փաստաթղթի մի քանի գյուղացիներ գնան, երկու ծառ կտրեն, որն այն նշանակությունը չունի, ինչը մեծ քանակությունով են անում: Մեծաքանակ հատումները պետք է վերահսկելի լինեն, թե չէ՝ մի թուղթ վերցնում են, 10 անգամ գնում-գալիս են, դա ցույց են տալիս, ու չես իմանում՝ ինչքան փայտ է դուրս բերվել անտառից այդ թույլտվությամբ: Ապօրինի հատումներն այս դեպքում կա՛մ կբացառվեն, կա՛մ այնքան կնվազեն, որ արդեն այդ ձևի էկոլոգիական աղետի չի բերի, ինչպես մենք հիմա ունենք»,- ասաց Ն. Վարդանյանը:

Խնդիրները, որոնք նախկինում այս ոլորտն ունեցել է, Նազելի Վարդանյանի գնահատմամբ, այդպես էլ չեն լուծվել, քանի որ բյուջեով գումար չէր նախատեսվել անտառների տնկման, վերահսկման, հսկողության համար: Ըստ «Հայաստանի անտառներ» հ/կ-ի նախագահի՝ ոլորտի խնդիրներից են կադրերի, աշխատավարձերի պակասը. «Մենք պատասխանատվության մեծ բեռ ենք դնում մեր անտառապահների վրա, բայց  ոչ մի իրավունքներ նրանց չենք տվել: Դրա համար առաջարկել էի օրենսդրությամբ անտառապահին շնորհել այն իրավունքները, որոնք նա նախկինում ուներ՝ ինքը տեղում ակտ էր կազմում, տեղում տուգանում էր, տեղում առգրավում էր գողացված փայտանյութը, զենքը, գործիքները:

Հիմա նա ակտը կազմում է, ուղարկում է իրավապահ մարմիններին, այնտեղ ինչ են անում՝ չգիտես, հետո էլ ամբողջ մեղքը բարդում են անտառապահի վրա, մի անտառապահ գնում-դատվում է, ու դրանով ամեն ինչ վերջանում է: Հիմա մասնագետներ էլ չեն կարողանում գտնել, որ բերեն անտառներում աշխատեն: 40.000 դրամ աշխատավարձ են տալիս անտառապահին, տալիս են մի քանի հա հողատարածք, որ ինքը ոտքով շրջի. ոչ ձի են տալիս, ոչ տեխնիկական միջոցներ: Պրակտիկորեն այնպիսի միջավայր է ստեղծվում, որ կա՛մ անտառապահը պետք է գողերին միանա, գողություն անի, կա՛մ պետք է ինքը գնա, դատվի: Պետք է նորմալ պայմաններ ստեղծենք, հետո խստագույնս պատժենք. մարդ դատելով՝ մենք անտառ չենք փրկի»:

Կարդացեք նաև

Ն. Վարդանյանը նաև համոզված է, որ  գազի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացման պարագայում, ինչի մասին պարբերաբար խոսում են, լուրջ խնդիրների առաջ կհայտնվենք. «Ես միշտ ասել եմ, որ դրանով մենք լրիվ մեր անտառը կկորցնենք»:

Այնուամենայնիվ, Նազելի Վարդանյանը որոշակի առաջընթաց տեսնում է այս ոլորտում, սակայն, ըստ նրա, պետական մոտեցումը խնդրի նկատմամբ՝ չի փոխվում: Նրա կարծիքով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կարգավիճակը պետք է բարձրացվի, ու ավելի շատ լիազորություններ պետք է վերապահվի «Հայանտառին»:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս