«Հանքարդյունաբերության ոլորտում լկտի իրավիճակ է». Արման Վերմիշյան
168.am-ի հետ զրույցում Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանն ասաց, թե այսօր բնապահպանության համակարգը ճգնաժամային վիճակում է: Նա չցանկացավ բնապահպանական ոլորտում առանձնացնել կոնկրետ խնդիր, քանի որ, ըստ նրա՝ դրանք իրականում շատ-շատ են:
«Մենք գործ ունենք ընդհանրապես բնապահպանության համակարգի թերի լինելու հետ, եթե չասեմ, որ ընդհանրապես ճգնաժամային վիճակում է այս համակարգը, այսինքն՝ մենք ամբողջ բնապահպանության ոլորտը պետք է ճգնաժամից դուրս բերենք, համակարգը ամբողջությամբ պետք է փոխենք: Ես հույս ունեմ, որ եկող տարին կլինի այդ փոփոխության տարին ոչ միայն բնապահպանության ոլորտում. ի դեպ, ամբողջ Հայաստանն է այդ վիճակում գտնվում: Այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Այն, ինչ որ սկսվեց Թռչկանից, դա, համենայնդեպս ինձ համար, այդ փոփոխությունների սկզբնակետն էր, երբ ժողովուրդն իսկապես արթնացավ և իսկապես տեր կանգնեց իր իրավունքներին: Այդ արթնացումը կատարվեց երիտասարդների միջոցով. դա բնական է: Ես ցանկանում եմ, որ եկող տարի այդ սկսված աշխատանքը, որն այս տարի ևս շարունակություն ունեցավ՝ ի դեմս այլ նախաձեռնությունների և այլ խնդիրների, Հայաստանում կբերի մեծ փոփոխությունների»:
Ըստ Արման Վերմիշյանի՝ այդ փոփոխություններին պետք է քայլ առ քայլ գնալ: Նա դեմ է կտրուկ փոփոխություններին, քանի որ, նրա խոսքով՝ ցանկացած կտրուկ փոփոխություն բերում է շոկային վիճակի. «Նախաձեռնությունները պետք է շարունակեն իրենց շատ դրական պայքարը, անընդհատ պետք է ճնշում լինի հանրության կողմից, պահանջատիրական ճնշում լինի համակարգի, պետության նկատմամբ, ու փոփոխություններ տեղի ունենան: Գործողություն առ գործողություն, որոշում առ որոշում պետք է սկսվի փոփոխությունների իրականացումը: Վերջին հաշվով, լինելու է այն, ինչ, կարծում եմ՝ բոլորն են սպասում, որ Հայաստանը վերջապես կլինի ազգային պետություն, որը հիմնված կլինի հենց ազգային պահանջների, ազգային նպատակների վրա»:
Հարցին՝ արդյոք համաձա՞յն եք տարածված այն կարծիքի հետ, թե հանքարդյունաբերությունը ոլորտի ամենամեծ խնդիրն է, Արման Վերմիշյանը պատասխանեց. «Իհարկե, դա այդպես է: Ակնհայտ է, ես չեմ խուսափի այդ բառն օգտագործել, թե ինչ լկտի իրավիճակ է հանքադյունաբերության ոլորտում և՛ բնապահպանական, և՛ տնտեսական, և՛ սոցիալական տեսանկյունից: Բայց ինձ համար ամբողջ համակարգն է, որ չի աշխատում: Հիմա եթե ինչ-որ մեկը կարող է ասել, որ, ենթադրենք, ինչ-որ հանքավայր շատ ավելի վնասակար է, քան Երևանի ՋԷԿ-ում նորից ածուխ այրելը, ես չեմ համաձայնի: Նույն տրանսպորտը Երևան քաղաքում ահավոր վիճակում է, դա ոչ քիչ կարևորություն ունեցող խնդիր է, քան որևէ այլ խնդիր, ներառյալ՝ հանքարդյունաբերությունը: Ամբողջ համակարգն է կոլապսի մեջ: Իհարկե, պետք է առանձին խնդիրներ բարձրացնելով, քայլ առ քայլ առաջ գնալ, բայց, եթե դիտարկում ենք ամբողջությամբ, համակարգն ուղղակի չի աշխատում: Բնապապանության ցանկացած ոլորտում մենք ունենք խնդիրներ»:
Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը բնապահպան ակտիվիստներին կոչ արեց շարունակել իրենց գործը, գործել տաք սրտով, բայց սառը գլխով. «Լինում են դեպքեր, երբ տաք սրտով ու տաք գլխով են աշխատում. դա հաստատ լավ բանի չի բերի»: