Ստալինի բանաձևը. ե՞րբ Էրդողանը կսկսի «հանձնել» Ալիևին
Iarex.ru կայքում հրապարակվել է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի «Ստալինի բանաձևը – Ե՞րբ Էրդողանը կսկսի «հանձնել» Ալիևին» խորագրով հոդվածը, որում նշված է.
«Մարտին Բաքվում պլանավորված է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացում: Ադրբեջանից այդ զորավարժություններին մասնակցելու է մեկ մոտոհրաձգային գումարտակ, իսկ Թուրքիայից՝ մեկ վաշտ, ինչը շատ չէ (2012 թվականի նոյեմբերին Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն Անկարայի մերձակայքում համատեղ անցկացրել են «Կովկասյան արծիվ 2012» զորավարժությունը, որին մասնակցել են երեք երկրների հատուկ նշանակության զորքերը – 168.am):
Եվ այնուամենայնիվ, թուրքական «Միլլիյեթ» թերթի գնահատմամբ, առաջիկա զորավարժությունները հանդիսանում են երկկողմանի հարաբերությունների կարևորագույն տարր: Չպետք է մոռանալ, որ Անկարայի ու Բաքվի միջև գործում է Ռազմավարական գործընկերության ու փոխօգնության մասին պայմանագիրը (Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Իլհամ Ալիևն այդ պայմանագիրը ստորագրել են 2010 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում, Ադրբեջանի խորհրդարանն այն վավերացրել է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին, իսկ Թուրքիայի խորհրդարանը՝ 2011 թվականի մարտի 10-ին – 168.am):
Այդ փաստաթղթի երկրորդ գլխում նշված է, որ եթե կողմերից մեկը ենթարկվի ռազմական ագրեսիայի, ապա մյուս կողմը պետք է անպայմանորեն աջակցի նրան՝ ընդհուպ մինչև սպառազինության տրամադրում: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը բազմանշանակ հայտարարել է. «Թուրքիան մշտապես եղել և լինելու է Ադրբեջանի կողքին: Գլխավորն այն է, որ երկու երկրների ժողովուրդներն օժտված են դրա համար համապատասխան կամքով, որը հենված է պատմական արմատների վրա: Ադրբեջանում թուրք շեհիթների (նահատակ) հիշատակին հուշարձան կանգնեցնելը դրա վառ հաստատումն է: Ինչպես ասել է Աթաթուրքը, մենք կլինենք Ադրբեջանի կողքին թե՛ ուրախության, թե՛ տխրության պահին»:
Իրականում, 1920-ական թվականներին Քեմալ Աթաթուրքն ու Ադրբեջանը համատեղ հայտնվել էին նույն շարքում: Այն ժամանակ պրոֆեսոր Ադոնցը մոսկովյան թերթերում նկարագրեց ՌՍՖՍՀ ժողկոմ Իոսիֆ Ստալինի «բանաձևը», որի էությունը կայանում էր նրանում, որ Ադրբեջանում իրավիճակի որակյալ փոփոխության կարելի է հասնել միայն Անկարայի միջոցով: Մոսկվան դաշինքի մեջ մտավ թուրքական քաղաքական նոր ուժերի հետ, որոնց գլխավորում էր Մուսթաֆա Քեմալը, ինչի արդյունքում էլ 1920 թվականի գարնանը Բաքվում իրականացվեց բոլշևիկյան անարյուն հեղաշրջում:
1920 թվականի ապրիլի վերջին Կիրովն ու Օրջոնիկիձեն Մոսկվային զեկուցում էին, որ ադրբեջանական զորքերն ամբողջությամբ անցել են իրենց կողմը, իսկ Բաքվում հեղափոխության իրագործման մեջ ակտիվ դեր են խաղացել թուրք զինվորներն ու սպաները, որոնց ջոկատը փակել է Բաքվից կառավարության հեռանալու հնարավորությունը:
Օրեր առաջ ելույթ ունենալով երկրի արտակարգ ու լիազոր դեսպանների 5–րդ կոնֆերանսում՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հայտարարեց, որ չի բացառում պատերազմի հավանականությունը և պատրաստակամություն հայտնեց առանց որևէ տատանման պաշտպանել հայրենիքը, եթե նրան վտանգ սպառնա: Գրեթե նույն բառերը 1919 թվականի հունիսի 22-ին Ամասիայում արտաբերել է Մուսթաֆա Քեմալը, երբ հրապարակեց իր շրջաբերականը (Amasya Genelgesi), որում ասվում էր, որ երկրի անկախությունը սպառնալիքի տակ է:
Այն ժամանակ Անկարան սպառնալիքի տակ նկատի ուներ Արևմուտքը և դաշինքի մեջ մտավ Մոսկվայի հետ՝ զոհաբերելով Բաքվին: Եվ այժմ, երբ 2014 թվականին Թուրքիայում պետք է տեղի ունենան երկրի առաջին ուղիղ նախագահական ընտրությունները (երբ Թուրքիայի նախագահին ընտրելու է ոչ թե խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը – 168.am), և երբ Էրդողանը չի թաքցնում այդ պաշտոնը զբաղեցնելու իր մտադրությունները, նա Աթաթուրքի նման նույնպես սկսել է խոսել երկրի հերթական «սպառնալիքների» մասին:
Որտեղի՞ց են դրանք բխում: Ոչ վաղ անցյալում The Washington Post թերթում հրապարակած իր հոդվածում ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում վրա է հասնում դրամայի եզրափակիչ ակտը, այսինքն՝ ներկայիս տեսքով պետությունների փլուզումը: Ռայսի խոսքերով՝ մերձավորարևելայն պետություններն արհեստական կազմավորումներ են, որոնց սահմանները հապճեպ գծվել են բրիտանացիների ու ֆրանսիացիների կողմից՝ առանց հաշվի առնելու ազգային և դավանաբանական նրբերանգները (նկատի է առնվում 1916 թվականի մայիսի 16-ի Սայքս-Պիկոյի համաձայնագիրը – 168.am):
Ռայսը գտնում է, որ ներկայումս լարվածության գլխավոր օջախ Սիրիան առաջացնում է ավերիչ դաշինքների տարածաշրջանային ցանց: Ավելին, Ռայսն ընդգծում է, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը, որը դեռ չի հանգեցրել Ասադի գահընկեցությանը, ամրապնդել է «ամենասարսափելի ուժի»՝ Ալ Քաիդայի դիրքերը: Եթե նախկինում վերջինիս գլխավոր կենտրոնն Աֆղանստանն ու Պակիստանն էին, ապա այժմ այն գործում է նաև Թուրքիայի ու հարակից երկրների տարածքներում: Ակտիվորեն սկսել է գործել նաև քրդական գործոնը, ինչը սպառնում է Թուրքիայի տարածքային ամբողջականությանը:
Թուրքիան հայտնվել է արտաքին քաղաքական բարդ իրավիճակում, որն իր կնիքն է թողնում նաև նրա ներքաղաքական գործընթացների վրա: Օրեր առաջ 1997 թվականի հեղաշրջման գործով ձերբակալվեց, հարցաքննվեց, ապա ազատ արձակվեց Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Իսմայիլ Հաքքը Քարադայը: Էրդողանի համակիրները վստահեցնում են, որ գեներալները փորձել են նրան տապալել երկու անգամ՝ 2004 և 2008 թվականներին:
Իսկ 1997 թվականի հեղաշրջումն անվանում են «հետմոդեռնիստական» (թավշյա), քանի որ զինվորականները չեն մասնակցել դրան: 1997 թվականի փետրվարին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանին ու նրա կուսակցությանը հարված հասցրեց երկրի նախագահ Սուլեյման Դեմիրելը, ով պաշտոնական նամակով դիմեց զինված ուժերի գլխավոր շտաբին, որում կառավարության գործունեությունը բնորոշեց որպես երկրի աշխարհիկ ռեժիմին ու կայունությանն ուղղված սպառնալիք: Կարո՞ղ է Էրդողանի հանդեպ նման կոմբինացիա ձեռնարկել ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Ամեն դեպքում թուրքական մամուլում հաճախակիացել են Էրդողան-Գյուլ զույգի միջև տարաձայնությունների մասին հրապարակումները: «Միլլիյեթ» թերթն ընդգծում է, որ խնդիրը Գյուլի քաղաքական կարիերայի մեջ է, ով ցանկանում է մնալ նախագահի պաշտոնում, որին հավակնում է Էրդողանը: Չի կարելի բացառել, որ «Արաբական գարնան» հետ կապված ցնցումների, սիրիական ճգնաժամում անմտածել ներգրավվածության հետևանքով Էրդողանը սկսել է կորցնել իրավիճակի վրա վերահսկողությունը, իսկ զինվորականները սկսել են ավելի շատ հետ բերել ավելի վաղ կորսված արևմտյան ազդեցիկ ուժերի աջակցությունը:
«Միլլիյեթը» գրում է, որ Էրդողանը մի շարք առանցքային հարցերում և մասնավորապես «Քրդական հարցում» փորձում է խստացնել դիրքորոշումը և դրանով իսկ ստանալ ազգայնականների աջակցությունը, ինչը, սակայն, առաջացնում է քաղաքական վակուում, որը նրբորեն լցնում է Գյուլը: Ի պատասխան՝ Էրդողանը կարող է գործի գցել «խոշոր խաղաքարտը»՝ ակտիվացնել Վլադիմիր Պուտինի հետ դաշինքը, ով Թուրքիայի վարչապետին համարում է «հուսալի ընկեր»:
Եթե պայմանականորեն վերականգնենք 1920-ական թվականների սխեման, ապա Էրդողանը կարող է զբաղեցնել Աթաթուրքի տեղը, Պուտինը՝ Ստալինի տեղը, իսկ բոլշևիկներին Բաքուն հանձնած Էնվեր փաշայի դերում կարող է հանդես գալ հայտնի թուրք կրոնական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենը (1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում, իսլամի մասին ավելի քան 50 գրքերի ու հոդվածների հեղինակ է, մեծ ազդեցություն է ունեցել Էրդողանի իսլամական հայացքների վրա, նրա շարժումը միլիոնավոր հետևորդներ ունի Թուրքիայում ու նրա սահմաններից դուրս, այդ թվում նաև Միջին Ասիայում ու Ադրբեջանում – 168.am):
Սկզբնական շրջանում Էրդողանը, ինչպես ժամանակին Էնվեր փաշայի հետ Քեմալը, ակտիվորեն զարգացնում էր Գյուլենի ցանցի հետ կապերը, սակայն վերջին շրջանում լարվածության նշաններ են ի հայտ եկել Էրդողանի ու գյուլենականների հետ փոխհարաբերություններում: Ադրբեջանում բազմաթիվ գյուլենականներ տեղ են զբաղեցնում ամենատարբեր պետական կառույցներում: Այնպես որ մեծանում է տարածաշրջանում «Ստալինի բանաձևի» կրկնման հավանականությունը:
Ադրբեջանի ներկայացուցիչները գնալով ավելի շատ են խոսում, որ իրենք չեն բացառում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուժային տարբերակը: Քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, որ եթե Ղարաբաղում սկսվի պատերազմ, ապա կարելի է փոխել նաև նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը (Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հոկտեմբերի 16-ին – 168.am):
Նա անգամ Ռուսաստանի կողմից Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի գործունեության դադարեցումը որակեց որպես «ոչ միայն 2012 թվականին, այլև՝ նախորդ 10 տարիներին ադրբեջանական դիվանագիտության խոշորագույն հաջողություն»: Մուբարիզ Ահմեդօղլուի խոսքերով՝ վերջին ամիսներին Ռուսաստանի ոչ մի ներկայացուցիչ այդ հարցով չի այցելել Ադրբեջան, ոչ էլ Ադրբեջանի ներկայացուցիչներն են հրավիրվել Ռուսաստան:
Մերձավոր Արևելքի երկրների հարցում Քոնդոլիզա Ռայսի մատնանշած բրիտանացիների ու ֆրանսիացիների պես իր ժամանակին Կովկասում վարվել է Իոսիֆ Ստալինը: Վերջինս 1920-ական թվականներին «կտրատել» է Հարավային Կովկասի խորհրդային հանրապետությունների տարածքները: Խորհրդային իշխանության տարիներին այնտեղ իրականացվել է 47 խոշոր վարչական-տարածքային, կարգավիճակային փոփոխություն, ինչի հետևանքով չլուծված է մնացել էթնիկ խնդիրը:
Այժմ ձևավորվում է եզակի աշխարհաքաղաքական իրավիճակ. Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի երկու ապաինտեգրման գործընթացները սկսել են շարժվել միմյանց ընդառաջ: Մնում է հաշվել, թե որտեղ կնշանակվի երկատման կետը: Նախորդ դարի 20-ական թվականներին դա տեղի ունեցավ Հարավային Կովկասում»: