Որքան էլ դժվար լինի, մի լքեք մեր հայրենիքը` այն մեր միակն է. Կարապետ Ռուբինյան
«Ցավոք, ձեռքբերումներ տեսնում եմ միայն սպորտի բնագավառում, իսկ բացթողումներ կան բոլոր ոլորտներում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Առցանց ազատականների ալյանսի հիմնադիր Կարապետ Ռուբինյանը` պատասխանելով հարցին` որո՞նք են եղել 2012թ. Հայաստանի գլխավոր ձեռքբերումները և բացթողումները:
«Ավելին, հերթական կեղծված խորհրդարանական ընտրությունները, տնտեսությունն ազատականացնելու և մենաշնորհները վերացնելու ուղղությամբ ոչինչ չանելը, դատական համակարգը որպես անձնական օգտագործման խամաճիկ օգտագործելը, որոնց արդյունքում երկրում տիրում է անարդարության և ամենաթողության մթնոլորտ ու ահագնանում է արտագաղթը, բացթողում չես անվանի` դրանք ոճիրներ են»,- ավելացրեց Կարապետ Ռուբինյանը:
Վերջում հղելով իր բարեմաղթանքները` Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, Կարապետ Ռուբինյանը Հայաստանի քաղաքացիներին մաղթեց «ամենայն բարիք և առողջություն»:
«Ուզում եմ նաև խնդրել. որքան էլ դժվար լինի, մի´ լքեք մեր հայրենիքը` այն մեր միակն է»,- նշեց Կարապետ Ռուբինյանը: