Ալեքսան Հարությունյանը չի վճարում ֆուտբոլի դպրոցի ՀՀԿ-ական աշխատակիցների աշխատավարձերը (տեսանյութ)
Երեկ առավոտյան 168.am -ի խմբագրություն զանգահարեցին Հայաստանի գործող չեմպիոն «Ուլիս» ակումբի մանկապատանեկան դպրոցի աշխատակիցները և հայտնեցին, որ ակումբի ղեկավարությունը չի վճարում իրենց աշխատավարձերը:
Շենգավիթում գտնվող «Ուլիս» մանկապատանեկան դպրոցի 21 աշխատակիցներին խոստացել էին, որ դեկտեմբերի 30-ին կվճարեն աշխատավարձերը և մարդիկ կկարողանան նշել Ամանորը: Դպրոցի 12 աշխատակիցները 168.am -ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով ստեղծված իրավիճակը, վրդովված հայտարարում էին, որ այս անգամ էլ իրենց խաբեցին: «Հիմա էլ ասում են` հունվարի 8-ին կտանք»,- ասաց մարզիչներից մեկը: Ի դեպ, «Ուլիսի» ղեկավարությունից նույնպես մեր թղթակցին հավաստիացրեցին, որ հունվարի 8-ին անպայման կվճարեն բոլոր պարտքերը:
Ստորև ներկայացված տեսանյութում մարդիկ արտահայտում են իրենց բողքը` Ալեքսան Հարությունյանին կոչ անելով վճարել իրենց հասանելիք գումարները: Իսկ տեսանյութի վերջում կարող եք տեսնել` ինչպիսի նողկալի վիճակում է գտնվում Հայաստանի չեմպիոնի մանկապատանեկան դպրոցը` հակահիգենիկ զուգարաններ և հանդերձարաններ, անհասկանալի է, թե առահարակ ինչպես են այնտեղ երեխաներ հաճախում:
Հ.Գ. Ուշագրավ է, որ դպրոցի բոլոր աշխատակիցները Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամներ են, և ինչպես իրենք են ասում` «հանրապետական չեն դարձել, դարձրել են»: