Բաժիններ՝

Զգուշացեք գրպանահատներից. ոստիկանության 5 խորհուրդները

Նախատոնական աշխույժ առևտրի շրջանում, երբ տարբեր վայրերում կտրուկ ավելանում են մարդկային հոսքերը և դրամաշրջանառությունը, ակտիվանում են նաև գրպանահատները: Նրանցից պետք է զգուշանալ հատկապես շուկաներում, տոնավաճառներում, բանկոմատների հարեւանությամբ և հասարակական տրանսպորտում:

ՀՀ ոստիկանությունը կուտակված փորձի ամփոփման հիման վրա պարզել է գրպանահատների ձեռագիրը, որը սովորաբար հետևյալն է. մեկը թիրախ է ընտրում, հարմար թեկնածուի դեպքում նշան տալիս գործընկերոջը, վերջինս էլ հարմար առիթ ստեղծելով` հրմշտոց կամ ուշադրությունը շեղող մեկ այլ հնարք, ձեռքը տանում է զոհի պայուսակը կամ գրպանը, հանում դրամապանակը, որն անմիջապես փոխանցում է այդտեղով անցնող երրորդ ընկերոջը:

Եվ այսքանից հետո, եթե նույնիսկ տուժողը նույն պահին հասկանում է, որ դրամապանակն անհետացել է, միևնույն է, չի կարողանում դրա կորստի մեջ մեղադրել իր կողքին հայտնված կասկածելի անծանոթին, քանի որ իրեղեն ապացույցն արդեն բոլորովին այլ մարդու մոտ է, որը, որպես կանոն, աննկատ է մնում ներկաների համար: Եթե գրպանահատը գիտակցում է, որ իր «հմուտ ձեռքերն» անզոր են նպատակին հասնելու համար, գործի է դնում կտրող գործիքներ:

Գրպանահատների գործողություններից չտուժելու համար ՀՀ ոստիկանությունը խորհուրդ է տալիս խստագույնս պահպանել մի քանի կանոններ.

1. Առևտրի գնալիս աշխատել ձեզ մոտ նախատեսվածից ավելի գումար չպահել: Հնարավորության դեպքում օգտվել վճարման անկանխիկ միջոցներից` պլաստիկ քարտերից:

2. Եթե, այնուամենայնիվ, որոշակի գումար պահելու անհրաժեշտություն կա, ապա ամբողջ գումարը նույն դրամապանակում և նույն գրպանում չտեղավորել, այսինքն` փողը մասերի բաժանել և պահել տարբեր գրպաններում: Գրպանահատից տուժելու պարագայում նախընտրելի է մասը կորցնել, քան` ամբողջը: Առավել ապահով են հագուստի ներքին գրպանները, հատկապես այնպիսիք, որոնք փական ունեն:

3. Ուշադիր լինել, որ դրամապանակը գրպանից կամ պայուսակից չերևա. խորհուրդ չի տրվում դրամապանակը, փողը կամ այլ արժեքավոր իր տաբատի հետևի գրպանում տեղավորել: Առավել հարմար և անվտանգ են պարանոցից կախված կամ գոտու վրա ամրացված դրամապանակները, որոնց օգտագործման դեպքում գրպանահատը զրկվում է աննկատ գործելու հնարավորությունից, սակայն մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ դրանք կարող են գայթակղիչ թվալ կողոպտիչներին:

4. Պայուսակները մշտապես փակ պահել, իսկ մարդաշատ վայրերում առաջ բերել և ձեռքը պահել վրան: Սուպերմարկետներում աշխատել պայուսակը սայլակի մեջ չդնել, քանի որ կարող են ձեր ուշադրությունը շեղելով, աննկատ թռցնել:

5. Խուսափել դրամապանակի պարունակությունը հրապարակավ հաշվելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս