«Ես լևոնում եմ ձեզ»

Հավանաբար շատերն են տեսել հեռուստաալիքներից մեկով ամանորյա հումորային ծրագրի անոնսը, որտեղ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը նմանակում է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին` կատարելով երգ` վերնագրում նշված կրկներգով:  Եթե հաշվի առնենք, որ այդ դերում Վարդան Պետրոսյանը հանդես է գալիս հոգևորականի հագուստով, և փորձենք ստուգաբանության ենթարկել «լևոնել» բառը, ապա դրա բացատրությունը միանգամայն պարզ կլինի: Թերևս, հումորը բավական դիպուկ է և օրիգինալ: Սակայն, ինչպես ասում են, ցանկացած հումորի մեջ կա ճշմարտության չափաբաժին:

Ընդհանրապես, կրոնական բաղադրիչը միշտ առկա է եղել քաղաքականության մեջ և շատ հաճախ օգտագործվել է քաղաքական առաջնորդների կողմից` կանխամտածված կամ ենթագիտակցորեն: Օրինակ` ստալինյան վարչակարգի տարիներին խորհրդային ժողովուրդների հայր Իոսիֆ Ստալինը, շատ լավ իմանալով ռուս հավատավոր ժողովրդի պաշտամունքը և հնազանդությունն Ուղղափառ եկեղեցու նկատմամբ, սկսեց բռնաճնշումների ենթարկել եկեղեցին և կիրառել անաստվածության քարոզչություն` ժողովրդի հավատքն ուղղելով սեփական անձի պաշտամունքի մեծացման վրա:

Հայ իրականության մեջ կրոնական ազդեցությունը քաղաքականության վրա հիմնականում դրսևորվում է մեսիայի գաղափարով: Փրկչի վերադարձի գաղափարը կա նաև հայ առասպելաբանության մեջ և, ինչպես հայտնի է, արտահայտված է «Սասնա ծռեր» էպոսում` քարայրում փակված Փոքր Մհերի վերադարձի նկատմամբ հավատքով:

Մեր օրերում նույնպես կան նմանատիպ օրինակներ. մասնավորապես՝ բոլորն են հիշում այս տարվա սկզբից հայտնի գրող, ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի համար սկսված հասարակական շարժման մասին: «Վանոն մեզ կվերադարձնի քրիստոնեական արժեքներին»,- Վանո Սիրադեղյանի ծննդյան օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում ասաց շարժման ակտիվիստներից մեկը:

«Սրանց Վանոն ա պակասում»,- նման արտահայտություն էլ մեր քաղաքացիներից շատերն անում են որևէ անարդարության, ինչ-որ մեկի սանձարձակության կամ պարզապես «բեսպրեդել» ասվածի հետ հանդիպելիս, քանի որ Վանոն ժողովրդի գիտակցության մեջ առավելապես տպավորվել է՝ որպես անօրինականության և գողականության դեմ  պայքարող հզոր կերպար:

Իսկ մեսիականության ամենավառ դրսևորումները կապվում են հատկապես համապետական ընտրությունների հետ: Գաղտնիք չէ, որ ժողովրդի (միտումնավոր չենք օգտագործում «հասարակություն» բառը, քանի որ այն ավելի կոնկրետ հասկացություն է և ենթադրում է ավելի գիտակից քաղաքացիների ամբողջություն) մի ստվար զանգվածի գիտակցության մեջ արմատավորված է միտքը, թե գալու կամ վերադառնալու է ինչ-որ հզոր գործիչ, ով իրենց փոխարեն կպայքարի անարդար իշխանությունների դեմ և կփրկի բոլորին:

Այս ընտրություններից առաջ նման սպասումներ կային հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանից և Գագիկ Ծառուկյանից: Եթե առաջինի դեպքում դա կարելի էր հասկանալի համարել, քանի որ Տեր-Պետրոսյանը եղել է քաղաքական հզոր առաջնորդ և կարողացել է իր շուրջը համախմբել բազմահազարանոց մասսաների, երկրորդի դեպքում նման սպասումների պատրանքն ավելի շատ ստեղծվում էր տվյալ քաղաքական ուժին սպասարկող քաղաքագիտական և վերլուծական շրջանակների կողմից, ովքեր ոտնատակ  էին տալիս և գրեթե «ազգի դավաճան» էին դարձնում բոլոր նրանց, ովքեր համարձակվում էին որևէ ոչ բարենպաստ կարծիք հայտնել Վազգեն Մանուկյանի և նույնիսկ Բարաք Օբամայի հետ համեմատության մեջ դրվող Գագիկ Ծառուկյանի մասին:

Այդ` Ծառուկյանի մասին որևէ ոչ ցանկալի միտք հայտնողներին «դավաճանեցնելու» գործին, ի դեպ, ինչ-որ պահից լծվեցին նաև Տեր-Պետրոսյանի կողքին դեռևս մնացած գործիչներն ու նրան սպասարկող լրատվամիջոցները: Իսկ Ծառուկյանն անընդհատ ասում էր` «այդ մասին` հաջորդ դասին», բայց «դասն», ի վերջո, այնքան շուտ ավարտվեց, որ ոչ ոք նույնիսկ չլսեց զանգի ձայնը:

Ինչ վերաբերում է ժողովրդի կողմից առաջնորդի սպասումին, պետք է նշել, որ բոլոր ժամանակներում բոլոր ժողովուրդները գնացել են հզոր առաջնորդի ետևից, եթե նրա մեջ տեսել են բոլոր այն իղձերի մարմնավորումը, որոնց ձգտում են: Միգուցե ներկայումս ընդդիմադիր ընտրազանգվածի շրջանում առաջացած խորը հիասթափությունը պայմանավորված է հենց հզոր առաջնորդի բացակայությամբ:

Սակայն, մյուս կողմից, անհերքելի փաստ է, որ իշխանության քաղաքականությունից դժգոհ զանգվածը, որպես միակ այլընտրանք գործող նախագահին, դիտում էր Լևոն Տեր-Պետրոսյանին:

Իսկ ինչո՞ւ են քաղաքացիները բոլոր հույսերը կապում միայն նախագահական ընտրությունների հետ: Մի՞թե 21-րդ դարում մեկ անձից այդքան բան է կախված: Արդյոք խորհրդարանի կազմավորումը պակա՞ս կարևորություն ուներ, քան նախագահի ընտրությունը: Հավանաբար այս անտեղյակությունն է պատճառը մեծամասնության մեջ արմատավորված այն պատկերացման, թե պատգամավորը ասֆալտ փռելու կամ օգնություն բաժանելու համար է միայն: Իհարկե, չենք ժխտում, որ շատ հաճախ քաղաքացու անտարբերությունը բացատրվում է թեկնածուների կամ կուսակցությունների միջև իրական ընտրության բացակայությամբ:

Բայց միգուցե ավելի գիտակից քաղաքացի լինելու, սեփական իրավունքներն իմանալու, աշխատանքի վայրում ընտրության պարտադրումից հրաժարվելու կամ պարզապես հասարակական ամենասովորական գործընթացներին ավելի ակտիվորեն մասնակցելու դեպքում՝ այդ նույն քաղաքացիները կարողանային ծնել մեկ այլ թեկնածու կամ ուժ, ում կհամարեին իրենց ընտրյալը, և կարողանային ավելի մեծ փոփոխություններ պարտադրել նույն իշխանություններին, ում փոփոխումը կապում են մեկ անձի հետ:

Տեսանյութեր

Լրահոս