«Բացթողումն ատկատներն են». Էդուարդ Շարմազանով
Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ
– 2012թ. ի՞նչ ձեռքբերուներ եղան ՀՀԿ-ի համար:
– Ձեռքբերումները ոչ միայն մեր կուսակցության համար էին, այլ նաև հասարակության: Տարին լի էր բուռն իրադարձություններով: Առաջին հերթին ընտրական պրոցեսները կառանձնացնեի: Այս տարվա պառլամենտական ընտրությունները լավագույնն էին մեր պատմության ընթացքում, և դա փաստեցին միջազգային դիտորդները:
Դիտորդների մի մասը ընտրությունները նույնիսկ համեմատեցին Կենտրոնական Եվրոպայի ընտրությունների հետ: Բնականաբար, այդ ընտրությունների ընթացքում ՀՀԿ-ն հաջողության հասավ և հնարավորություն ունեցավ առաջիկա 5 տարիներին պատասխանատվությամբ աշխատել: Կարևոր է, որ քաղաքական պայքարը մնաց կոռեկտության ֆոնի մեջ, եղան մեկ-երկու գործիչներ, ովքեր փաստերի բացակայության պատճառով մտան անձնական վիրավորանքների դաշտ, դա էլ Աստված տա դեկտեմբերի 31-ից հետո էլ չշարունակվի:
Չեմ ցանկանում Արցախն անջատել Հայաստան աշխարհից: Արցախի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք ևս մեկ կարևոր քայլ էին դեպի Արցախի միջազգային ճանաչում, որովհետև այդ ընտրություններին մասնակցեցին մի քանի տասնյակից ավելի դիտորդներ տարբեր երկրներից: Ինքս հնարավորություն ունեցա իբրև խորհրդարանական դիտորդական խմբի ղեկավար լինել լինել Արցախում, որտեղ տեղի ունեցան մրցակցային ընտրություններ: Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն է իր ճակատագրի դարբինը, և Արցախում անշեղորեն պետք է զարգանան ժողովրդավարական պրոցեսները:
– Ամենալուրջ բացթողումը որն էր:
– Բացթողումն այն էր, որ երբեք հնարավոր չի լինում լուծել այն ողջ պրոբլեմները, որոնք ծառացած են: Բացթողումն ատկատներն են, կոռուպցիայի որոշակի մակարդակն է, արդարության դեֆիցիտն է, պետական որոշ չինովնիկների ոչ պարկեշտ լինելն է: Այդ իմաստով մենք պետք է ամեն ինչ անենք, որ տարեցտարի բացթողումները քայլ առ քայլ վերացնենք և հասնենք մի հանգրվանի, որտեղ այլևս նման բան չլինի: Բայց փառք Աստծո, երբ համադրում ես բացթողումները և ձեռքբերումները, ձեռքբերումներն անհամեմատ ավելի շատ են:
Քաղաքականության մեջ ներմուծվում է նոր մտածողություն: Տարիներ առաջ քննադատությունը որոշ մարդիկ շատ ծանր էին տանում, հիմա նորմալ է: Պառլամենտում բոլորս աշխատում ենք, մեկը քննադատում է, մյուսն աշխատում է, բայց այդ ամեմ ինչը պետք է կոռեկտության սահմաններում լինի: Ես այն կարծիքին չեմ, որ ընդդիմությունը պետք է ծափահարի իշխանություններին, մենք պետք է դրանից հեռու մնանք:
Ընդդիմությունը պետք է շատ խիստ քննադատի: Պարզապես իմ ցանկությունն այն է, որ քննադատությունից բացի, այլընտրանքային ծրագրեր առաջարկվեն: Այդ իմաստով՝ 2013թ. նախագահական ընտրություններից ես ակնկալում եմ գաղափարական պայքար, որովհետև ընդդիմությունը գոնե երկու նորմալ պերսոն առաջադրել է: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, կարծում եմ, տնտեսական հետաքրքիր առաջարկություններով հանդես կգա: Մեր թիմը դեբատների մեջ կմտնի, և այդ դեբատներում կհաղթի մեր հասարակությունը:
Բնականաբար, այս ընտրություններին ես ակնկալում եմ նորմալ, ժողովրդավարական, գաղափարական պայքար: Մենք եզակի շանս ունենք ոչ անձերի ոչնչացման պայքար մղել նախագահական ընտրություններում: Թող հանուն գաղափարի բոլոր թեկնածուները պայքար մղեն, և այդ ամենը լինի օրինականության սահմաններում: Ես հեռու եմ այն մտքից, որ ամեն ինչ մի կախարդական փայտիկով պետք է լուծվի, բայց այն, որ նոր մտածողության կրողներն այլևս կան և այդ մտածողությունը մտնում է քաղաքական դաշտ, փաստ է: