Հարազատները պնդում են, որ զինվորի մահվան պատճառը անտարբերությունն է եղել
Դեկտեմբերի 24-ին Ջրաշեն գյուղ բերվեց 18-ամյա Նորայր Սահակյանի դին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մահացածի հայրը՝ Նորայր Սահակյանը, մայրը՝ Կարինեն և հորեղբայրը՝ Ժիրայրը պատմում են, որ իրենք ներկա են եղել երեխայի դիահերձմանը և պնդում են, որ արտաքին և ներքին ոչ մի վնասվածք երեխան չի ունեցել: Ըստ նրանց, մահվան պատճառը անտարբերությունն է եղել:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 19:30-20:00-ի սահմաններում, զինակոչիկներին Երևանի զինվորական հավաքակայանից տեղափոխում են ըստ որոշված զորամասերի: Սիսիանի տարածքում 7 զինվորների մոտ ջերմություն բարձրանում: Մեկ այլ մեքենայով նրանց տեղափոխում են Խոջալուի «զբոռնի պունկտ»:
Դեկտեմբերի 22-ին հարազատները խոսել են Ն. Սահակյանի հետ: Նա հայտնել է, թե՝ «մի քիչ տաքություն ունեմ, երևի կանցնի»: Իսկ արդեն հաջորդ օրը Էրեբունու զինկոմիսարիատից զանգահարել են հարազատներին և հայտնել, որ տղան մահացել է:
Ծնողները արդարացիորեն զայրանում են, ասելով. «Սիսիանում երեխաները եթե ջերմել են, ինչու նրանց չեն տեղափոխել Սիսիանում գտնվող զորամասի բուժմաս, այլ այդ վիճակում տարել են Խոջալու:
Ի դեպ, ըստ հարազատների, իրենց տղային, բոլոր զինվորների պես, Երևանի զինվորական հավաքակայանում պատվաստման համար ինչ-որ դեղեր են ներարկել: Ըստ բժիշկների, ներարկելուց հետո տվյալ անձը պետք է գոնե մի քանի ժամ պառկի, վերցվի բժիշկների հսկողության ներքո, իսկ այս պարագայում երեխաներին ներարկում են կատարել ու միանգամից ավտոբուսներով տեղափոխել:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարազատներն ու գյուղացիները պատմել են, որ Նորայրը երբևէ ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, երկար տարիներ զբաղվել է բոքսով, ընտանիքի ավագ տղան է, ունի երեք եղբայր: Ծնողները պատկան մարմինների, Պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի ուշադրութունն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ դադարեցնեն հավաքակայանում պատվաստումներ կատարելը և պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնյաները, որոնց անփութության հետևանքով մահացավ իրենց զավակը. «Ճիշտ է, ոչինչ չենք կարող անել Նորայրին ետ բերելու համար, բայց գոնե սա դաս լինի այդ անձանց, որպեսզի հետագայում ոչ մի զինվոր այս օրը չընկնի: Մենք դեռևս երեք զինվոր էլ ունենք բանակ ուղարկելու: Իսկ Նորայրի նպատակն էր զորացրվելուց հետո դառնալ զինվորական»: