Գետահովիտ համայնքի ղեկավարը ցուցաբերում է բացահայտ անգործություն
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման նախարարին, ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ Բնապահպանական փորձաքննության ՊՈԱԿ Տնօրեն, ՀՀ Տավուշի մարզպետին՝ Գետահովիտ համայնքում 06.12.12թ. տեղի ունեցած լսումների վերաբերյալ.
«Հարգելի պարոնայք,
Ինչպես տեղյակ եք սույն թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում տեղի ունեցավ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի փոփոխված նախագծի վերաբերյալ հասարակական նախնական լսումները: Սույն հասարակական լսումներին ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, Գետահովիտի համայնքի ղեկավարը, ձեռնարկող «Մեգաէներջի» ՍՊԸ-ն ներկայացուցիչները, աշխատանքային նախագծի հեղինակը, Գետահովիտ համայնքի մոտ հարյուր բնակիչներ, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, ՀՀ ազգային Ժողովի պատմագավոր Զարուհի Փոստանջյանը և մի քանի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Ձեռնարկող «Մեգաէներջի» ՍՊ ընկերությունը նախորդ անգամ ակնհայտ սխալ և ոչ հավաստի տվյալներ պարունակող աշխատանքային նախագիծ էր ներկայացրել «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին` առանց Գետահովիտ համայնքում լսումներ անցկացնելու և 23.08.2012թ. ստացել էր թիվ ԲՓ 70 բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն, որը հետագայում` 26.10.2012թ. ՀՀ բնապահապանության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել (չեղյալ է համարվել): Այն չեղյալ ճանաչվեց Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի և բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների արդարացի պահանջների, ինչպես նաև այդ նպատակով 16.10.2012թ. ՀՀ բնապահպանության նախարարի թիվ 254-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա (ի դեպ, այս խմբում ընդգրկված են նաև Գետահովիտ համայնքի 2 բնակիչ և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունից 2 ներկայացուցիչ):
Սույն լսումներն անցան բուռն և թեժ մթնոլորտում, որի ընթացքում Գետահովիտ համայնքի ներկա գտնվող բնակիչները կտրականապես դեմ արտահայտվեցին նախագծին և հրաժարվեցին առհասարակ քննարկել այն` պատճառաբանելով Պաղջուր գետի վրա արդեն իսկ առկա և մոտ 4 տարի շահագործվող «Խաչաղբյուր-1» փոքր ՀԷԿ-ի բացասական հետևանքները, որի ոչ ճիշտ շահագործման արդյունքում արդեն էական մեծ վնաս է հասցվել շրջակա միջավայրին, գյուղատնտեսությանը և համայնքին: Համայնքի բնակիչները հայտնեցին, նաև, որ ձեռնարկող «Մեգաէներջի» ՍՊ ընկերությունն այս կարճ ժամանակահատվածում «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման ընթացքում արդեն իսկ բնությանը զգալի վնաս է պատճառել, բայց մինչև այժմ պետական լիազոր մարմնի կողմից այդ վնասը չի գնահատվել և չի փոխհատուցվել: Համայնքի բնակիչները նշեցին նաև, որ տարածքում առկա են եկու արգելավայրեր` Իջևանի և Արջատխլենու, վտանգավոր սողանքներ, տարածքն ամբողջովին անտառապատ է, նշյալ փոքր ՀԷԿ-ի կառուցման արդյունքում վտանգի տակ են հայտնվելու համայնքի խմելու ջրի և Պաղջուր գետի ձկնային պաշարները, քանի որ գետի որոշ հատված կրկին վերցվելու է խողովակների մեջ, փաստացի այն ջրազրկվելու է, ինչը այժմ կատարվում է «Խաչաղբյուր-1» ՓՀԷԿ-ի շահագործման հետևանքով:
Հետևաբար, հիմք ընդունելով վերոնշյալը, դահլիճում ներկա բնակիչների մոտ 99 տոկոսը միահամուռ դեմ արտահայտվեց, իրենց համայնքում նոր փոքր ՀԷԿ-ի կառուցմանը և տվեց բացասական կարծիք (հիշեցնենք, որ Գետահովիտի 1077 բնակիչներ իրենց այդ նույն կարծիքը դեռևս 2012 թ. նոյեմբերի 22-ին պաշտոնական նամակով ներկայացրել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին): Լսումների մասնակիցները «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին առաջարկեցին անհապաղ մերժել «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նոր աշխատանքային նախագիծը և այլևս չանդրադառնալ այդ նախագծի քննարկմանը:
Սակայն Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը, մեր ունեցած տվյալներով, դեռևս չի կազմել սույն հասարակական լսումների արձանագրությունը և պաշտոնապես այն չի ներկայացրել «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին: Մեր կարծիքով Գետահովիտ համայնքի ղեկավարը ցուցաբերում է բացահայտ անգործություն և լիրաժեք չի կատարում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդ. իր վրա դրված պարտավորությունները. եթե 30 օրվա ընթացքում ազդակիր համայնքի կամ հասարակայնության կողմից առաջարկներ չեն ուղարկվում լիազորված մարմին, ապա ազդակիր համայնքի կարծիքը համարվում է դրական:
Համայնքի ղեկավարի պասիվ դիրքը թույլ է տալիս մեզ արձանագրելու, որ նա, չարաշահելով իր լիազորությունները, փորձում է անտեսել իր համայնքի բնակիչների բացասական կարծիքը և հրաժարվում է այդ մասին արձանագրության տեսքով հայտնել պետական լիազոր մարմնին` «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին, որը թույլ կտա վերջինիս ձեռնարկող ընկերությանը տալ աշխատանքային նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն:
Ավելորդ չենք համարում հիշատակել ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջը` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Հանրության կողմից ձեզ ենք ներկայացնում նաև 06.12.2012թ. Գետահովիտ համայնքում տեղի ունեցած հասարակական լսումների տեսանկարահանումները.
http://www.shanttv.com/am/news/sundayshorizon/2012_12_09/12612/ 35-րդ րոպեից»:
24.12.2012թ.