
ՀԱԿ-ը տեղյակ չի եղել Բագրատյանի որոշման մասին

«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի առաջադրվելու նախագահի թեկնածու, դա իր և իր կուսակցության իրավունքն է»,- նախագահական ընտրություններում «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հնարավոր առաջադրման մասին հայտարարության վերաբերյալ 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը:
Միաժամանակ նա նշեց, թե Հրանտ Բագրատյանի՝ թեկնածու առաջադրվելու և ՀԱԿ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին ֆեյսբուքյան գրառումն իր համար անակնկալ է եղել: Ըստ նրա՝ թեև նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, սակայն, նրա խոսքով՝ նման դեպքերում պետք է նախօրոք տեղյակ պահվեր, ինչը, ամենայն հավանականությամբ, չի արվել:
«Ես գտնում եմ, որ ՀԱԿ-ի որևիցե քաղաքական ուժի ներկայացուցչի առաջադրման դեպքում նման հարցերը պետք է քննարկվեն, բայց, ինչքան ես եմ տեղյակ, չի քննարկվել»,- ավելացրեց ՀԱԿ ներկայացուցիչը: