Բաժիններ՝

Ֆիննախը որևէ խախտում չի՞ կատարել. նախարարության երկրորդ պարզաբանումը

ՀՀ ֆինանսների նախարարությունն այսօր երկրորդ պարզաբանումն է տարածել, որտեղ անդրադարձել է 168.am-ում հրապարակված այն տեղեկությանը, որ նախարարության իրավաբանական վարչության 3 բաժնի պետեր վերջերս ազատվել են աշխատանքից, օրենքի խախտումներով։

 Ֆինանսների նախարարության պարզաբանումը  ներկայացնում ենք ստորև։

Պարզաբանումներ «Իրավաբան.net » և «168 ժամ » լրատվամիջոցներին

Օրերս «Իրավաբան.net» էլեկտրոնային կայքը և «168 ժամ» պարբերականը հրապարակել էին տեղեկատվություն առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել են իրավաբանա­կան վարչության երեք բաժնի պետեր: Նյութում մասնավորապես գնահատականներ էին հնչում, որ աշխատակիցները ազատվել են անարդարացիորեն, իրավաբանա­կան վարչության պետի հետ ունեցած լարված հարաբերությունների արդյունքում:

Կարդացեք նաև

Ցանկանում ենք մանրամասներ ներկայացնել նշված հարցի վերաբերյալ, ինչպես նաև նյութերում անդրադարձ կատարված այլ հանգամանքներին:

Նախ նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում առաջին անգամ չէ, որ տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ: Կառուցվածքային փոփոխությունները բոլոր պետական մարմիններում բնականոն երևույթներ են, տեղի են ունենում պարբերաբար, և սրանց նպատակը աշխատանքային արդյու­նա­վետության բարձրացման և ռեսուրսների ճիշտ կառավարման խնդիրների լուծումն է: Իրավաբանական վարչությունում նախորդ անգամ  վերակազմակերպման արդյունքում երկու բաժին միավորվել է մեկ բաժնում 2008թ, ինչպես նաև 2011թ, երբ իրավաբանական վարչության պետի տեղակալն էր Նելսոն Աբովյանը` (վարչության պետի պաշտոնը թափուր էր այդ ժամանակահատվածում) աշխատանքից ազատված նախկին բաժնի պետերից մեկը, նրա իսկ նախաձեռնությամբ իրավաբանական վարչությունում տեղի են ունեցել կառուցվածքային փոփո­խություններ, և երկու բաժիններ վերակազմավորվել են մեկ բաժնում:

Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատված աշխատա­կիցներին ղեկավարության կողմից առաջարկվում է զբաղեցնել նախարարության համապա­տասխան այլ թափուր պաշտոններ, իսկ այդպիսիք չլինելու դեպքում աշխատակիցները, որպես քաղծառայողներ, «Քաղաքացիական ծառա­յության մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն (այն է` քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի` «իա» ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք), ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սահմանված կարգով կարող են գրանցվել կադրերի կարճաժամկետ ռեզերվում, որի դեպքում, համաձայն «ՀՀ քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի, 2-րդ մասի, 6 ամիս շարունակ վարձատրվում են իրենց զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով:

Հիմք ընդունելով 15.05.2008թ-ին ՀՀ կառավարության. թիվ 503-Ն որոշման 31-րդ կետը (այն է` նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը հաստատում է նախարարը) և <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի բ) ենթակետը (այն է` իրավական ակտն ուժը կորցրած է ճանաչվում` իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե` իրավական ակտով կարգավորվող իրավահարաբերությունները կարգավորվում կամ կարգավորվելու են այլ իրավական ակտով), 05.11.2012թ.-ին ՀՀ ֆինանսների նախարարը իր թիվ 943-Ա հրամանով հաստատել է իրավաբանական վարչության կանոնադրությունը (ուժը կորցրած է ճանաչվել նախկին կանոնադրությունը և հաստատվել է նորը): 05.11.2012թ.-ին ՀՀ ֆինանսների նախարարը իր թիվ 944-Ա հրամանով փոփոխել է նախարարության հաստիքային ցուցակը, որով վերակազմակերպման արդյունքում ստեղծվել են 2 բաժիններ` դատարաններում պետության գույքային շահերի պաշտպանության և գանձումների սպասարկման բաժինը (նախկին 3 դատական բաժինների միացման արդյունքում) և փաստաթղթերի սպասարկման բաժինը (նախկին փաստաթղթերի տեսչության բաժնի փոխարեն): Այնուհետև այն ներկայացվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնեցմանը և հաստատմանը («Քաղաքացիական ծառայության մասին » ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձանց առաջարկությամբ: Այդ առաջարկությունը քաղաքացիական ծառայության խորհուրդ է ներկայացվում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու (փոփոխելու) իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ընթացքում):

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 03.12.2012թ.-ի թիվ 1054-Ա որոշումը, և ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով (այն է` Քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատվում (փոփոխվում) են քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա:), ՀՀ ֆինանսների նախարարը 06.12.2012թ.-ին թիվ 1062-Ա հրամանով հաստատել է իրավաբանական վարչության պաշտոնների անձնագրերը:

13.12.2012թ.-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի թիվ 351-Ա հրամանով 3 դատական բաժինների պետերը ազատվել են զբաղեցրած պաշտոններից, համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին » ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «իա» ենթակետի (այն է` սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը):

Նշենք սակայն, որ նախքան աշխատակիցների՝ իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվելը վերջիններիս գրավոր կերպով առաջարկվել է այլ աշխատանք իրավաբանական վարչությունում, որից վերջիններս գրավոր հրաժարվել են: Նաև նախկին բաժնի պետերը դեկտեմբեր ամսին ստացել են դրամական պարգևատրում­ներ: Ընդ որում, իրավաբանական վարչության պետ Արամ Պետրոսյանի կողմից ներկայացված զեկուցագրի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարի 11.12.2012թ. թիվ 1086-Ա հրամանով, Եղիշե Բազոյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան: Կարծում ենք նշված գործողութ­յուններն ապացույց են այն բանի, որ նախկին բաժնի պետերի և վարչության պետի միջև հարաբերությունները եղել են աշխատանքային և բարիդրացիական, և լարվածության մասին խոսելն անհիմն է և ավելորդ:

Իսկ ինչ վերաբերում է իրավաբանական վարչության պետին, ապա նշենք, որ Արամ Պետրոսյանը 2002-2011 թվականներին  աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության տարբեր ստորաբաժանումներում (առաջին կարգի, այնուհետև առաջատար մասնագետի պաշտոններում): 2011 թվականին ՀՀ արդարադատության նախարարությունում բաժինների (այդ թվում նաև նոտարիատի) լուծարման և նոր տեսչության ձևավորման արդյունքում Պետրոսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինա­կա­նության վերահսկողության տեսչության նոտարիատի և ՔԿԱԳ մարմինների գործունեութ­յան օրինականության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի պաշտո­նում: Այսինքն, ըստ էության, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում պաշտոնի բարձրացում է տեղի ունեցել: Որպես վերահսկող բաժնի գլխավոր մասնագետ՝ վերա­հսկո­ղություն է իրականացրել հանրապետության բոլոր նոտարների և ՔԿԱԳ մարմինների աշխատանքների նկատմամբ:

Ս.թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունում հրավիրվել էր խորհրդակցություն, որին ներկա էին նաև իրավաբանական վարչության երեք նախկին բաժնի պետերը: Հանդիպման ընթացքում նրանցից միայն մեկի՝ Նելսոն Աբովյանի կողմից հարց է բարձրացվել  միայն այն մասով, որ իրենք սահմանված ժամկետում չեն ծանուցվել կառուցվածքային փոփոխությունների մասին: Այլ հարցեր, ինչպես Ն. Աբովյանը, այնպես էլ մյուս երկու նախկին աշխատողները չեն բարձրացրել:

Այս հարցի հետ կապված նշենք, որ համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ կետի, նման դեպքերում պաշտոնից ազատման ժամանակ քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:

Կայքում տեղ գտած մյուս իրականությանը չհամապատասխանող, անհիմն դատողություններին հարկ չենք համարում անդրադառնալ, քանի որ դրանք ըստ էության պատաս­խան չեն ակնկալում, և գրված են միայն «խոսակցությունների» և «սեփական աղբյուրների» մակարդակով:

Միայն վերջում ցանկանում ենք նորից նշել, որ որևէ խախտում ՀՀ ֆինանսների նախարարությունում իրավաբանական վարչության վերակազմավորման ընթացքում աշխատան­քից ազատված աշխատակիցների նկատմամբ չի կիրառվել: Կոչ ենք անում և լրատվամիջոցներին և նախարարության նախկին աշխատակիցներին զերծ մնալ իրականութ­յանը չհամա­պա­տաս­խանող տեղեկություններ տարածելուց և ավելորդ լարվածություն ստեղծելու միտումներից: Ինչպես նաև առաջարկում ենք լրագրողներին տեղեկատվությունը հրապարակելուց առաջ տեղեկատվությունը ճշտել համապատասխան կառույցից:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս