Խառնաշփոթ ֆիննախում. նոր մանրամասներ
Օրեր առաջ 168.am-ը նշել էր, որ ֆինանսների նախարարությունում աղմուկ է բարձրացել իրավաբանական վարչության 3 բաժնի պետերի աշխատանքից ազատելու հետ կապված։ Այժմ ի հայտ են եկել նոր մանրամասներ։
Մասնավորապես, իրավաբան.net կայքը նոր մանրամասներ է ներկայացրել այդ պատմությունից։ Հղում անելով իր աղբյուրներին՝ կայքը տեղեկացնում է, որ Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության արդեն նախկին 3 դատական բաժինների պետերին` Ռուզաննա Ազրոյանին, Եղիշե Բազոյանին և Նելսոն Աբովյանին աշխատանքից ազատել են աշխատանքային օրենսգրքի խախտմամբ` ծանուցելով աշխատանքից ազատելուց մեկ օր առաջ: Աշխատանքային օրենսգրքի խախտմամբ գործից ազատելու համար նախարարությունը ստիպված պետք է լինի 3 բաժինների պետերին վճարել 3.000.000 դրամից ավելի գումար:
Դեկտեմբերի 17-ին իրավաբանական վարչությունը` ներառյալ աշխատանքից ազատված նախկին 3 բաժինների պետերի, հանդիպում է ունեցել Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ: Նախկին 3 բաժնինների պետերը նախարարին հայտնել են, որ իրենց օրենքի խախտմամբ են ազատել աշխատանքից։ Ի դեպ, նախարարի հետ հանդիպման ժամանակ ներկա չի եղել նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը, ով վերջին տարիներին կոորդինացրել է իրավաբանական վարչության աշխատանքները:
Վարչության պետ Արամ Պետրոսյանը հերքել է օրենքի խախտման փաստը՝ նշելով, որ ինքը ոչ թե նրանց աշխատանքից ազատել է, այլ ուրիշ (ավելի ցածր) պաշտոն առաջարկել, որին վերջիններս չեն համաձայնել: Ավելին, իրավաբան.net-ի տեղեկություններով, նոր կազմավորված բաժնի պետ է նշանակվել Փաստաթղթերի տեսչության բաժնի պետ Արմեն Հարությունյանը, ով 6 ամիս է, ինչ աշխատում է ՖՆ-ում, իսկ նախկինում աշխատել է որպես նոտար Սևանում և անցնում է Սևան Ազգային պարկի հետ կապված քրեական գործով:
Այս ամենի իրական պատճառը, ըստ շրջանառվող խոսակցությունների, անձնական ոչ հարթ հարաբերություններն են վարչության պետի և բաժնի պետերի միջև։ Իրավաբան.net-ը նշում է, որ Ռուզաննա Ազրոյանը, Եղիշե Բազոյանը և Նելսոն Աբովյանը ձգտում են հասնել նրան, որ վարչության պետը պատասխանատվության ենթարկվի` անձնական շահը պետական շահից վեր դասելու համար։ Ավելին, նրանք պատրաստվում են դիմում ներկայացնել (կամ արդեն ներկայացրել են), իրենց պնդումը հիմնավորելով համապատասխան փաստաթղթերով, և իրավաբանական վարչությունից ստանալ պատասխան:
Ի դեպ, դիմումը բավարարելու դեպքում ֆինանսների նախարարությունը ստիպված կլինի 3 աշխատակիցներին վճարել ավելի քան 3 միլիոն դրամ տուժանք՝ աշխատանքային օրենսդրության պահանջները խախտելու համար։ Իսկ եթե ոչ, ապա նախկինում պետբյուջեի շահերը դատարական ատյաններում պաշտպանող նախկին բաժնի պետերն ստիպված կլինեն սեփական շահերը պաշտպանել պետական կառույցի գործողություններից։